Լրահոս
Միջազգային
16:53
28.06.26
183

Իրանը զգուշացնում է. Հորմուզում ցանկացած միջամտություն կհանգեցնի լարվածության աճի

Img default alt hy

Հորմուզի նեղուցում իրավիճակին ցանկացած կողմնակի միջամտություն միայն կհանգեցնի ակվատորիայում լարվածության աճին և չի նպաստի նավագնացության վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Ցանկացած միջամտություն կամ կարգավորման զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձ միայն կհանգեցնի իրավիճակի հետագա բարդացմանը, լարվածության ուժեղացմանը և այս կենսականորեն կարևոր ջրային ուղու աշխատանքի վերականգնման ձգձգմանը։ Դրա ապացույցն են վերջին երկու գիշերվա ընթացքում Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպերն ու բախումները», - ասել է նա իր իրաքցի պաշտոնակից Ֆուադ Հուսեյնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումը վարել է SNN հեռուստաալիքը։

Արաղչիի խոսքով՝ նեղուցում նավագնացությունը կարող է վերադառնալ նախապատերազմյան ցուցանիշներին 30 օրվա ընթացքում, սակայն դրա համար անհրաժեշտ է վերացնել բոլոր առկա խոչընդոտները և բոլոր կողմերի կողմից խստորեն կատարել իրանա-ամերիկյան հուշագրի պայմանները։

Հունիսի 27-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) մի շարք հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ իբր ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Իսլամական Հանրապետությունն իր հերթին հարձակվել է ԱՄՆ զինված ուժերի տեղակայման վայրերի վրա։ Կիրակի օրը կողմերը շարունակել են հարվածների փոխանակումը։ CENTCOM-ը հայտնել է, որ երկրի ռազմածովային և ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի 10 ռազմական թիրախների՝ Հորմուզի նեղուցում և դրա մերձակայքում գտնվող մի քանի շրջաններում, իսկ ԻՀՊԿ-ն պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ զինված ուժերի ենթակառուցվածքների առանցքային օբյեկտներին։