Լրահոս
10:10
25.05.19
200

Հարսանիք. Հովիկ Աֆյան

Img default alt hy

Թռավ: Նա արեց դա: Թռավ ամենաբարձր սարից էլ վեր: Առանց նայելու ներքեւ, բայց չմոռանալով ներքեւը, այնտեղ մնացողներին, նրանց ապրումները: Կարոտով, գուցե ցավով, հաստատ ուրախությամբ՝ տխուր եւ փարթամ: Իրարամերժ զգացմունքների ցավածին-անխուսափելի քաոսից վեր լինելու մղումից՝ թռավ:

-Բայց չէ՞ որ նա ճնճղուկի պես փոքրիկ է:

-Բայց չէ՞ որ նա ինքնաթիռի պես հզոր է, տիզերանավի պես զինված…

-Կհասնի՞:

-Արդեն հասել է, վերեւ թռչողների նպատակը Արևը չէ. վերեւում լինելն արդեն իսկ նպատակ է:

-Ոչինչ չտարավ, ախր:

-Նա ամեն ինչ տարավ:

-Բայց ձեռքին ոչ մի բան չկա, անգամ հացի փշրանք, իսկ եթե սովածանա՞:

-Ամեն ինչ տանողի ձեռքերում ոչինչ չի լինում, ձեռքերով չեն ամեն ինչը տանում:

-Իսկ, եթե մրսի՞, իսկ եթե ընկնի, թեւերը վնասվեն ու նա ընկնի, արի վազենք հետեւից:

-Վազելով՝ թռչողի հետեւի՞ց, մի ծիծաղեցրու. չի մրսի. տես, թե ինչպես է նրան համբուրում, թեւերը չեն վնասվի, տես թե ինչպես է նրան նայում, չի ընկնի, տես թե որքան ամուր են նրան բռնած ձեռքերը:

-Չգիտեմ:

-Ես էլ չգիտեմ:

-Ուրեմն դու է՞լ ես անհանգիստ:

-Իհարկե:

-Հետ կանչե՞նք:

-Չի գա:

-Ուրեմն ի՞նչ:

-Ոչինչ, ուղղակի նայենք, նայենք ներքեւից, նայենք նրա թռիչքին, ժպտանք, քանի որ թռավ: Նա էլ արեց դա:

Ծնողները լուռ նայում էին իրենց դստերը, ով բռնել էր ամուսնու ամուր ձեռքը. նրա ամուսնության օրն էր: