Լրահոս
Հայաստան
20:48
04.06.26
52

ՍԴ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը

Img default alt hy

Հունիսի 4-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) և գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը՝ բելգիացի պատգամավոր, նախկին նախարար և պետքարտուղար Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ ։

Պատվիրակության կազմում էին Սենեգալի Սահմանադրական խորհրդի փոխնախագահ Ամինատա Լի Նդիայը, Նյու Բրանսուիկի կառավարության և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ Բենուա Բուրքը, Մոլդովայի Տեսալսողական խորհրդի փոխնախագահ Անետա Գոնտան, ընտրական հարցերով փորձագետ Էյրինի Մարիա Գունարին (Հունաստան), առաքելության զեկուցող Շառլոտ-Ֆարա Սուիբը (Ֆրանսիա), Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչության գլխավոր վերլուծաբան Դավիդ Բոնգարը, ՖՄԿ քաղաքական հարցերի տնօրինության ծրագրի պատասխանատու Էժենի Ֆուրնեն:

Ողջունելով հյուրերին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ձևավորված գործընկերային համագործակցությունը և ընդգծել միջազգային փորձի փոխանակման նշանակությունը սահմանադրական արդարադատության և ժողովրդավարական կառավարման զարգացման համատեքստում։

Հյուրերի խնդրանքով ՍԴ նախագահ Արման Դիլանյանը և ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական վերահսկողության իրականացման առանձնահատկությունները, Սահմանադրական դատարանի լիազորությունները, ինչպես նաև վերջին տարիներին դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների նշանակությունը սահմանադրականության ապահովման և հիմնարար իրավունքների պաշտպանության գործում։

Պատվիրակության անդամները հետաքրքրվել են Սահմանադրական դատարանի գործունեության կազմակերպման առանձնահատկություններով, սահմանադրական գանգատի ինստիտուտի կիրառման փորձով, ինչպես նաև ընտրական և տեղեկատվական գործընթացների իրավական կարգավորման հարցերով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման և պետական ինստիտուտների կայուն գործունեության ապահովման հարցերին։

Կողմերը մտքեր են փոխանակել ժամանակակից ժողովրդավարությունների առջև ծառացած մարտահրավերների, սահմանադրական դատարանների դերի և անկախ դատական իշխանության կարևորության վերաբերյալ։