Լրահոս
Միջազգային
12:00
04.06.26
124

ԱՄՆ-ը Իրանից չի հանի բոլոր պատժամիջոցները ուրանի հարստացումից հրաժարվելու դիմաց․ Ռուբիո

Img default alt hy

Իրանը կարող է ակնկալել ամերիկյան պատժամիջոցների միայն մասնակի չեղարկում կամ մեղմացում՝ բարձր հարստացված միջուկային վառելիքի պաշարներից հրաժարվելու և ուրանի հարստացումը դադարեցնելու դիմաց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Այն, ինչին մենք կցանկանայինք հասնել, այն է, որ նրանք համաձայնեն բացել նեղուցները, ինչպես նախատեսված էր զինադադարի համաձայնեցման ժամանակ։ Մենք կհանեինք [ծովային] շրջափակումը [իրանական նավահանգիստներից], և նրանք, այս ամենի շրջանակում, կհամաձայնեին, որ պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել մի համաձայնագիր, որը նախատեսում է բարձր հարստացված ուրանի ոչնչացում, ինչպես նաև կսահմանափակի կամ կարգելի նրանց [միջուկային վառելիքի] հարստացման ծրագիրը», - նշել է նա Կոնգրեսի Սենատի հատկացումների հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ։

«Եվ դրա դիմաց նրանք կարող էին ստանալ իրենց վրա դրված որոշ՝ ոչ բոլոր, բայց որոշ պատժամիջոցների հնարավոր չեղարկում կամ մեղմացում, որոնք սահմանվել են նրանց միջուկային ծրագրի պատճառով», - ավելացրել է պետքարտուղարը։

«Բայց դա կախված կլինի միայն նրանից, թե ինչ կտան նրանք։ Նրանք պետք է ինչ-որ բան տան, և, իհարկե, այս ամենը պետք է լինի վերիֆիկացվող (ստուգելի)։ Բարձր հարստացված ուրանը հնարավոր է ստուգել, որովհետև երբ այն առգրավված է, ուրեմն՝ առգրավված է։ Հարստացման նկատմամբ մոնիտորինգը այն է, ինչը վճռորոշ կլինի ցանկացած գործարքի հաջողության համար», - եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը։