Լրահոս
11:48
04.06.19
189

Երեք կապիկ. Աղվան Ասոյան

Img default alt hy

Facebook-ին հերթական մեմերի առիթը տվեց entertrain.1in.am կայքը, երբ հրապարակեց Կիանո Րիվսի դեռ վաղուց ասած խոսքը՝ «Ատում եմ այն աշխարհը, որտեղ…» վերտառությամբ: Ֆեյսբուքահայությունն ուրախանում էր հիմնականում նյութի տակ տեղ գտած մեկնաբանություններով, որոնք հիմանականում հայու գենի, հայկական մտածելակերպի ու ավանդապահության մասին էին:

Այսօր ուզում եմ խոսել հենց ավանդապահությունից: Ամեն անգամ, երբ խոսք է գնում այս երևույթից հիշում եմ երեք կապիկների էքսպերիմենտը:

60-ական թվականներին, Չիկագոյում (լաբորատորիան, ներող կլինեք՝ չեմ հիշի) մի էքսպերիմենտ արեցին: Վանդակում փակում են երեք կապիկ ու գետնին դնում են մի բանան: Երբ կապիկներից մեկը փորձում է բանանը վերցնել, մնացած երկուսին ջրում են հրդեհաշիջման ռետինե խողովակով: Սառը ցնցուղից հետո երկու կապիկները, կարծելով թե իրենք ջրվեցին բանանը վերցրած կապիկի պատճառով, հարձակվում են երրորդի վրա, որը բանանը վերցրել էր, ու հավեսով ծեծում: Որոշ դադարից հետո սենյակում նորից բանան են դնուն, որին արդեն ծեծված կապիկը մոտ չի գալիս: Փոխարենը մոտենում է ջրվածներից մեկը: Նորից սառը ցնցուղ են միացնում՝ չմոտեցածների վրա, որոնք էլ հարձակվում ու ծեծում են բանանը վերցրածին: Էքսպերիմենտը շարունակվում է այնքան, մինչև երեք կապիկներն էլ համ ջրվեն, համ ծեծ ուտեն, հետո խողովակը թաքցնում են եւ կապիկներից ոչ մեկ չի մոտենում բանանին: Այդ ընթացքում կապիկներից մեկին փոխում են, նա, բնականաբար, չիմանալով ինչ է լինելու, գնում և վերցնում է բանանը, ու բնականաբար, մարդավարի ծեծ ուտում, ընդ որում կապիկներին արդեն չեն ջրում: Հետո փոխում են երկրորդ կապիկին: Նա նույնպես փորձում է վերցնել բանանը, ու էլի ծեծ է ուտում, հետո նույնը կատարվում է երրորդ կապիկի հետ: Նորից փոխում են, նորից ծեծ է ուտում:

Տեսեք, հիմա վանդակում կա երեք կապիկ ու մի բանան: Նրանցից ոչ մեկը չի մոտենում բանանին, որովհետև գիտի, որ մյուս երկուսը ծեծելու են: Բայց թե ինչի համար, պատճառը չգիտի այդ երեքից և ոչ մեկը:

Նույնը ավանդույթներն ու տարատեսակ ծիսակարգերն են: Դրանց մեծամասնությունը ժամանակին հորինվել են արտաքին կամ ներքին վտանգներից ու թշնամիներից պաշտպանվելու համար: Դրանցից շատերի իմաստը վաղուց արդեն մոռացվել է, բայց մենք շարունակում ենք կառչած մնալ հազար տարի առաջ ստեղծված հաճախ արդեն անիմաստ ծիսակարգերից: Հատկապես մոլի ավանդապաշտները, որոնք ավանդույթն ու քարանձավային բարքերն իրարից չեն տարբերում, գաղափար անգամ չունեն, թե ինչ ավանդույթ են պահում: Ճիշտ այն երեք կապիկների պես, որոնք չեն մոտենում արգելված բանանին, որովհետև ծեծ կուտեն, բայց թե ինչի համար, չգիտեն: