Լրահոս
Հասարակական
20:36
23.01.22
163

25 տարի աշխատեցինք, բայց մի քանի րոպեում ամեն ինչ կորցրեցինք. ընտանիքը Միջնավանը լքել է՝ ոչինչ չվերցնելով

Պատերազմից հետո Երևանում բնակվող Կարինե Համբարձումյանը 1998 թվականին էր Գյումրիից երեխաների հետ մեկնել և բնակություն է հաստատել Արցախի Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում:

Տիկին Կարինեն «NEWS.am»-ի հետ զրույցում պատմում է, որ տարիների ընթացքում կարողացել էին ապրելու համար լավ պայմաններ ստեղծելՄիջնավանում:

«Մի տուն էինք ընտրել, որի միայն պատերն էին, փլատակ էր: Պատերի վրա հիմնվելով մենք 0-ից սարքել ենք, ամեն ինչ փոխել ենք, վերանորոգել ենք և մարդավարի ապրել ենք: Սակայն չարաբաստիկ պատերազմի ժամանակ մեզ ասացին, որ ոչ մի բան էլ չի լինելու, ընդամենը մի 3 օր դուրս եկեք, մինչև ԱԹՍ-երը դուրս գան, նոր եկեք: Մենք էլ լսեցինք այդ հրահանգը, դուրս եկանք ու էլ չկարողացանք հետ գնալ»,- պատմեց տիկին Կարինեն` նշելով, որ հոկտեմբերի 12-ին են իրենք դուրս եկել Միջնավանից, սկզբում Կապանում են մի քանի օր մնացել, այնուհետև Երևան են եկել ու մնացել մինչ օրս:

Այժմ տիկին Կարինեն իր դստեր և երկու անչափահաս թոռնիկների հետ ապրում  է հարազատների տանը:

Տիկին Կարինեն Միջնավանի իր տանից ոչինչ հետը չի վերցրել, այն հույսով էին դուրս եկել, որ մի քանի օրից վերադառնալու են:

Այժմ տիկին Կարինեն սոցցանցերում ադրբեջանցիների տարածված տեսանյութերում է տեսնում իրենց տունը, հուզվում. 

«25 տարի աշխատեցինք, լցրեցինք Միջնավանը ուրախությամբ, բայց մի քանի րոպեում կորցրեցինք, ոնց կարող ենք չափսոսալ մեր աշխատանքը, մեր կյանքի երազանքը, նպատակներն ու հւոյսերը լրիվ մնաց այնտեղ: Իսկ հիմա նորից սկսելը շատ դժվար է»:

Կարինե Համբարձումյանի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 093 761520: