Լրահոս
Իրավական
17:26
08.05.19
141

«Ուզում եմ միանալ այդ պայքարին». Քոչարյանը խոսել է Reuters-ի հետ

Ռոբերտ Քոչարյանը բանտից պատասխանել է հայտնի Reuters գործակալության հարցերին: Երկրորդ նախագահը հայտնել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար: Արևմտյան գործակալության հարցին՝ ինքն անձամբ կներգրավվի՞ այդ գործընթացում, երկրորդ նախագահը պատասխանել է. ՙԱյո, իհարկե՚։

Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչ տեսքով կլինի իր մասնակցությունը: Ըստ Քոչարյանի՝ 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունները հանգեցրին իշխանափոխության, քանի որ հանրության ներսում կար կուտակված դժգոհություն եւ փոփոխությունների ձգտում:

«Ես դա հեղափոխություն չէի անվանի, քանի որ երկրում արմատական փոփոխություններ չեն կատարվել՝ բացի հանրության մեջ մեծ ագրեսիայի, ղեկավարության շրջանում՝ պոպուլիզմի եւ դիլետանտության առաջացումից»,- հայտարարել է Քոչարյանը: Հայաստանի երկրորդ նախագահի հետ Reuters-ի հարցազրույցը արտատպել են մի շարք միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ՝ այդ թվում Սինգապուրից հեռարձակվող անգլալեզու միջազգային հեռուսաալիքը, ամերիկյան usnews լրատվական ամսագիրը, one american news հեռուստաալիքը, ամերիկյան yahoo որոնողական համակարգի լրատվական էջը: