Լրահոս
Իրավական
20:32
20.06.19
133

Վերաքննիչ քրեական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ թույլ չտալով Ռ․ Քոչարյանի պաշտպանին միջնորդություն ներկայացնել

Img default alt hy

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր չի թույլատրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանին ներկայացնել իր միջնորդությունը։

Դատարանը չի թույլատրել պաշտպաններին ներկայացնել առարկություններ վերաքննիչ բողոքների դեմ, զրկել է նրանց այդ հնարավորություններից, համարել է դատական ստուգումն ավարտված և հեռացել խորհրդակցական սենյակ`դատական ակտը կայացնելու։ Այն կհրապարակվի հունիսի 25-ին, ժամը 16:00-ին։

Խուդոյանի կողմից միջնորդությունը ներկայացնելու դեմ առարկեցին դատախազները և տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ նշելով, որ դատական գործընթացի այս փուլում պետք է ներկայացվեն պաշտպանական կողմի դիրքորոշումները։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով քննությունը։

Դատական նիստի սկզբում դատավոր Արմեն Դանիելյանը տեղեկացրել է, որ դատարան է մուտքագրվել Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին։

Դրանից հետո պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ներկայացրել են իրենց առարկությունները՝ մեղադրող կողմի ելույթների հետ կապված։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: