Լրահոս
Հասարակական
11:19
29.01.22
335

Տղաներն ընկան հաղթանակի ճանապարհին՝ առանց պարտությունը տեսնելու. կայացել է «Լույսի և փառքի պուրակի» բացման արարողությունը

Img default alt hy

Երեկ՝ հունվարի 28-ին, Բերդի բազմագործառութային պետական քոլեջի 3-րդ մասնաշենքի տարածքում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող «Լույսի և փառքի պուրակը», տեղեկացնում են Բերդի համայնքապետարանից։

Պուրակի բացման արարողությանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, ուժային կառույցների ղեկավարները, զոհված զինծառայողների հարազատները:

«Հայկական բանակի 30-ամյա տարեդարձի օրը իրականություն են դառնում դաժան 2020 թվականի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսների իմ անքուն գիշերների երկար մտորումները:

Գաղափարը միանգամից չի ծնվել՝ ունենալ անկյուն, վայր, ուր կարող ես զրուցել հերոսների հավերժության խորհդրանիշ կանաչ եղևնիների հետ, որոնք, տարեցտարի վեր բարձրանալով, կազդարարեն ի լուր աշխարհի մեր տավուշցի հերոսների մասին: Միտքը քննարկվեց, հասունացավ ու դարձավ իրականություն. «Լույսի և փառքի պուրակ»:

Քոլեջի ուսանողն այսուհետ ամեն օր կմտնի շենք պուրակի կողքով՝ պարտքի մեծագույն զգացումով՝ գնահատելով կյանքը և գիտակցելով, որ մեր հերոսներին հզոր Հայաստան և ապահով հայրենիք ենք պարտք»,- նշել է Բերդի բազմագործառութային պետական քոլեջի տնօրեն Աննա Ավալյանը:

Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանն իր ելույթում ընդգծել է նախաձեռնության կարևորությունը.

«Համայնքի ղեկավարի, ավագանու, վարչական ղեկավարների և համայնքապետարանի աշխատակազմի անունից մեր խորին երախտագիտությունն եմ հայտնում այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Առանձնահատուկ խոնարհումս մեր հերոսների ընտանիքներին»:

«Ցավոք, այս պատերազմը Արցախյան առաջին պատերազմի նման համընդհանուր հաղթանակ մեզ չբերեց: Այն դարձավ անհատների սխրանքների և հաղթանակի պատերազմ: Բայց ինչպես այս օրերին ծնված հայտնի երգում է ասվում՝ պարտությամբ չի ավարտվում ոչինչ, եթե ողջ է ոգին:

Պատերազմը, միևնույն է, պետք է ավարտվի հայի հաղթանակով: Եթե մենք չենք հաղթել, կնշանակի՝ պատերազմը չի ավարտվել, մեր պայքարը չի ավարտվել: Այսօր ներկա ենք կարևոր իրադարձության. բացվում է հերոսների պուրակը: Բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ թեև պատերազմում մենք պարտվեցինք, բայց մեր մեջ եղան հաղթողներ: Տղաներն ընկան հաղթանակի ճանապարհին՝ առանց պարտությունը տեսնելու:

Նրանք հաղթանակի ճանապարհին էին, որովհետև մինչև վերջին վայրկյանը հավատում էին և գնում էին հաղթանակի հետևից»,- նշել է Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը: