Լրահոս
13:40
04.05.19
179

Սումատրա. Հովիկ Աֆյան

Img default alt hy

Մենակ ես: Քաղաքում էլ, տանն էլ, գրկելիս էլ: Հաճելի է: Խաբում ես քեզ: Միշտ ես արել, սովորական է: Տհաճը սովորություն դարձնելը քաղցկեղի պես բան է, ուռուցիկ: Դրա համար էլ ինքնախաբեությունը հաճելի է: Փակում ես աչքերդ: Բացում ես: Մալայան արշիպելագի արեւմտյան մասում ես: Սումատրա կղզում: Տաք է: Շոգ չէ: Կանաչն այնքան շատ է, որ ծովն էլ կանաչ է երեւում: Սիրում ես կանաչը: Ամեն ինչ ես սիրում: Բոլորին: Կողքիդ կապտաթեւ սիրամարգներ են: Ինքնակամ բացել են փետուրները եւ քեզ հով են անում: Հանձնվել են: Սիրամարգների տիրակալն ես: Աշխարհը քոնն է, մարդի՞կ՝ թքած: Չես հոգնել. ուժ ես հավաքում, որ էլի պարտվես՝ հաղթածի աչքերով: Որ նորից նետվես՝ գրկելու-խեղդելու-սիրելու-սպանելու, առանց հասկանալու աշխարհի ձեւը, դժգոհ, որ էլի չհասկացան քեզ: Սիրամարգների մեջ քեզ ամենակարեւոր մարդն ես զգում, միայն այնտեղ է դա հնարավոր: Ու ժպտում ես: Վաղուց չես ժպտացել: Մոռացել ես, թե ո՞ր մկանդ որի՞ց հետո էիր շարժում, ենթագիտակցությունիցդ դուրս է մղվել՝ ենթագիտակցորեն:

Ծովի հոտը...Կշտացնում է, հիշողությունների դարպասը բացում է, ամեն մեկին հագցնում երջանկություն հագուստ ու հանում զբոսանքի: Բոլորն աչքիդ առաջ են. նրանց, որոնց սիրում ես-սպանեցիր, ատում ես-սպանեցիր, մոռացել ես-սպանեցիր, տանջեցիր-սպանեցիր, համբուրեցիր-սպանեցիր...Բոլորին սպանեցիր: Հիշողություններումդ մարդասպանը դու ես: Ձեռքերդ կարմիր են, դողում են: Վազում ես ծովը: Սիրամարգները հիշողություն են դառնում: Ծովում տիրակալը չես: Ստրուկն ես: Համաձայն ես: Հասկանում ես, որ ծովը միակ տեղն է, որտեղ դու մտածում ես միայն քո մասին: Քո տեղն է: Միակը: Չես ուզում դուրս գալ: Ալիքը քեզ ափ է նետում: Դու տեղ չունես: Ոչ մի: Ծովում թեթեւ ես, ափին՝ թաց: Մրսում ես: Տաք է: Զարթնում ես քրտած: Ցուրտ է: Քեզ շատերը զանգել են, լայքել են, նույնիսկ՝ սրտիկել են: Քեզ սիրում են: Տանը բոլորը քնած են: Սիրամարգները՝ կապտաթեւ: Ուշանում ես: Սուրճը տաք է: Մի կում: Երկուսը: Վերջ: Երազանքներն ավարտվում են, սկսվում է գործը: Բայց այն փնտրել է պետք: Ասում են՝ շատ կա...Երազանքների չափ: Դրանց հասնելու ճանապարհն է՝ տափաստանային, փշալի, անեզերք:

Քայլում ես մինչեւ մթնում է: Այսօր չստացվեց: Վաղը: Փակում ես աչքերդ: Բացում ես: Մալայան արշիպելագի արեւմտյան մասում ես: Սումատրա կղզում: