Լրահոս
Հասարակական
15:15
26.01.22
110

Ստամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից»

Img default alt hy

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն Երևան-Ստամբուլ առաջիկա չվերթի ուղևորներին 36 ամսով (3 տարով) ազատել է 10.000 դրամ «օդի տուրքից»: Համապատասխան հրամանը ստորագրել է ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը, քանի որ կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը գտնվում է դեկրետում, գրում է «hetq.am»-ը։

ՔԱԿ-ի կայքում նշվում է, որ կոմիտեն հունվարի 10-ին թույլատրել է թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությանը իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ թռիչքներ, որոնք լինելու են ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային):

Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կատարվելու է 2 չվերթ (ըստ «Pegasus»-ի չվացուցակի՝ փետրվարի 2-ին և 5-ին), իսկ փետրվարի 7-ից մինչև մարտի 27-ը՝ շաբաթական 3 չվերթ (երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին):

Իր հերթին հայկական կողմից «FlyOne Armenia» ընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ (երկուշաբթի և ուրբաթ օրերին) ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: 

Ապրիլից, երբ արդեն մեկնարկած կլինի ամառային աերոնավիգացիոն սեզոնը, հայկական օպերատորը շաբաթական 3 չվերթ կկատարի (երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին): Ավիափոխադրողը ՀՀ ՔԱԿ-ից համապատասխան թույլտվությունն ստացել է դեկտեմբերին, իսկ թուրքական ավիացիոն իշխանություններից՝ հունվարին: