Դրանից հետո Վ. Մ.-ն և Արամ Հարությունյանի մյուս մտերիմներն իրենց հաշվեհամարներին փոխանցած գումարների մի մասը կանխիկացրել են, դրանք տնօրինել Ա. Հարությունյանի ցուցումներով, իսկ մյուս մասը Ա. Հարությունյանի մտերիմները 2011թ.-ի մարտին փոխանցել են նրա` ԱՄԷ Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին: Վ. Մ.-ն, իր հերթին, կաշառքի առարկա հանդիսացող, իր բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու, խեղաթյուրելու և դրան օրինական տեսք հաղորդելու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված գումարը Արամ Հարությունյանի առաջարկությամբ 2011թ. մարտի 23-ին իր հաշվեհամարից փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին:
Արամ Հարությունյանն էլ, իր հերթին, հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է նույն բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումը իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործից Վ. Մ.-ի և Ա. Դ.-ի վերաբերյալ անջատված մասով նախաքնությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: