Լրահոս
18:04
15.06.19
557

Շուշա կոնֆետ. Աղվան Ասոյան

Img default alt hy

Առավոտյան ժամը ութն էր: Ուստա Մացակը ճռճռալով բացեց արդեն երեք հեղափոխություն տեսած կողպեքն ու ներս մտավ: Բոլոր ճանաչողներն ասում էին՝ ախմախի մեկն է: Մանկությունս նրա կոշիկի բուդկի տանիքին անցավ: Թաղի ամենալավ, բայց  ամենաանտեր ցոգոլը հենց բուդկի կողքին աճած ծիրանենին ուներ: Հենց այդպես էլ անվանում էինք՝ բուդկի ծիրանի ծառը: Երբեք ոչ մեկի հետ չէր խոսում, Աստծո բարևն էլ ալարելով էր առնում, բայց աշխարհի չափ սիրում էի բիձուն, որովհետև միակ մարդն էր, որ վրես չէր գոռում՝ ցոգոլ քաղելուց, չնայած ամենաշատ իրավունքը հենց ինքն ուներ: Թաղում բոլորը ծիրանի ծառը հավասարապես իրենցն էին համարում, չնայած Մացակն էր ջրում, ճյուղերն էտում, բայց կյանքում գոնե մի հատ ծիրան ծառից քաղած չկար:

Հունիսի կեսերն էր, ցոգոլն իր տեսքով այնքան ցանկալի էր, ինչքան Մացակի 18-ը հենց նոր լրացած թոռնուհին: Սովորականի պես, նախորդ օրվա փորլուծից չխրատված բարձրացել էի բուդկի տանիքին, որ ցոգոլ քաղեմ: Երևի կյանքում առաջին անգամ բիձու ձենը լսեցի.

-Իջի, որդի, հետդ գործ ունեմ:

Մտածեցի, որ Մացակն էլ չդիմացավ, ու գոռգոռոցի հերթական չափաբաժինն եմ ստանալու: Մտա ներս: Դասական կոշկակարի բուդկա էր՝ Սաբրինայի կիսամերկ պաստառներով, որ սիգարետի կծու ծխից անհասկանալի գույնի էր դառել, կողքը խաչելությունը, դրա կողքին էլ աչքի հուլունք: Չնայած զզվելի հոտին, որ թվում էր թե հստակ ձև ունի, բուդկեն մաքուր էր, ամեն ինչ դասավորած: Ժամանակից  ու սուր դանակից քրքրված ձեռքերով գրպարններում ու դարակներում երկար ինչ որ բան փնտրեց, վերջը գտավ հետևի գրպանից: Երեւի իր տարիքին շուշա կոնֆետ էր: Քաղաքավարությունից ելնելով վերցրի, բայց որ տեսա հետևի գրպանից է հանում, չկերա:

Նստեցի խաչելության դրված աթոռին ու սպասում եմ, որ բիձեն կխոսա: Սեղանին Հերիքնազ տատի նկարն էր: Կինն էր, մի տարի առաջ էր մահացել ու բիձեն կյանքի միակ ուրախությունը գտնում էր բուդկում: Վաղուց  հաճախորդ էլ չուներ, բայց  ամեն առավոտ պարտաճանաչ ու ճիշտ ժամին բացում էր բուդկեն ու մի գլուխ ծխում: Տնաշենն էնքան էլ սիրուն էր ծխում, որ բոլոր ծխող մարդկանց Մացակի հետ էի համեմատում: Երևի միակ մարդն էր, ով ձուլվում էր առանց ֆիլտր Չիբուխի հետ, որ չէիր էլ նկատում, որ եղունգների տակ՝ ապրած տարիների կեղտն է հավաքված:

Նստած սպասում եմ, որ մի բան պիտի ասի, բայց կեսից արդեն մոռացել էր, որ մտել եմ մոտը, կնոջ նկարը ձեռքն առած սկսեց խոսել: Չեմ էլ հիշում, թե ինչ, բայց երկար խոսեց: Կեսից զգացի մատի մատանիներից բացի ուրիշ տեղ չեմ նայում: Կնոջ մեռնելուց հետո մատից հանել էր ամուսնական մատանին ու մի կերպ խցել իր մատին: Երևի կես ժամ անց նայեց դեմքիս,թե բա՝ ես որ մեռնեմ, երևի մենակ դու ինձ հիշես, բայց չասես, որ ախմախ էր:

Տենց էլ չհասկացա, թե ինչի էին ախմախ ասում, բայց բիձեն ճիշտ էր, հիմա երևի մենակ ես եմ հիշում իրեն: Մեռնելուց հետո բուդկեն բուլդոզերով քանդեցին, հենց թաղման օրը, հետն էլ վարի տվեցին կողքի ծիրանի ծառը: Չգիտեմ՝ ավելի շատ Մացակի համար էի լացում, թե ծիրանի ծառի, բայց թաղմանը ես միակ լացողն էի: