Լրահոս
Իրավական
10:29
07.06.19
122

ՀՀ դատախազությունը նոր ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ կրկին հայտնաբերելով խախտումներ

Img default alt hy

Ինչպես արդեն տեղեկացվել է, կալանավորված անձանց և դատապարտյալների 
հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման 
վիճակի պարզման նպատակով նախընթաց ամիսներին ՀՀ դատախազությունը 
ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում: 
Դրանց ընթացքում արձանագրվել էին խախտումներ և տրվել էին դրանք 
օպերատիվորեն վերացնելու հանձնարարություններ, որոնց ամփոփ արդյունքները 
կներկայացվեն առաջիկայում:

  Սակայն նպատակ ունենալով պարզել արձանագրված խախտումները վերացված 
լինելու, ինչպես նաև համապատասխան իրավական ակտերով նախատեսված՝ 
կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների ապահովման պահանջների 
պատշաճ իրականացման հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և 
հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության 
վարչությունն անակնկալ ստուգումներ է նախաձեռնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» 
քրեակատարողական հիմնարկում:

  Դրանց ընթացքում պարզվել է, որ ՀՀ դատախազության ներկայացուցիչների կողմից 
նախորդ անգամ արձանագրված խախտումների և բացթողումների զգալի մասը վերացված 
է: Մասնավորապես չեն արձանագրվել պահվող անձանց խցերում քնելատեղերն առանց 
համապատասխան թույլտվության վարագուրապատելու, կերակրադռնակները ներսի 
կողմից կպչուն ժապավենով փակելու, այդպիսով ՔԿՀ ծառայողներին խցերում 
իրավիճակի, տեղաշարժերի դիտարկումն անհնարին դարձնելու երևույթներ։ Բացի 
այդ, լուծվել է նաև ՔԿՀ բնակելի խցերում անձանց գերբնակեցվածության խնդիրը: 
Չնայած ստուգման պահին առանձին խցերում եղել են նախատեսվածից ավելի թվով 
պահվող անձինք, սակայն պայմանավորված ՔԿՀ-ում սկսված վերանորոգման 
աշխատանքներով, այն կրել է ժամանակավոր բնույթ: Վերանորոգման միջոցով 
մասամբ լուծվում է նաև նախորդ ստուգմամբ արձանագրված՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 
սանիտարահիգիենիկ ոչ բարվոք վիճակը որոշակիորեն բարելավելու խնդիրը:

  Չնայած այս արդյունքներին՝ կրկնակի ստուգման ընթացքում արձանագրվել են այլ 
բնույթի թերություններ ու խախտումներ:

  Մասնավորապես՝ ստուգմամբ պարզվել է, որ կալանավորվածներին պահելու վայրի 
խցերում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ 
վերահսկողություն չի իրականացվում: Չի իրականացվում նաև պահվող անձանց 
տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկելու 
գործընթացը: ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի համապատասխան 
որոշմամբ պատժախուց փոխադրված կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ 
իրականացվում է ամենօրյա բժշկական հսկողություն և անհրաժեշտության դեպքում 
իրականացվում է մասնագիտական հետազոտություն: Մինչդեռ՝ ստուգմամբ պարզվել 
է, որ որոշակի ժամանակային կտրվածքներով ՔԿՀ-ի ԲՍԲ մասնագետների կողմից 
պատժախցերում անձանց այցելություններ չեն կատարվել: Ակնհայտ է, մինչդեռ, որ 
սահմանված այս պարտավորությունների կատարումն ուղղակի բխում է ՔԿՀ-ում 
պահվող անձանց առողջության պահպանման իրավունքից:

  ՔԿՀ-ում պահվող որոշ անձանց անձնական գործերի ուսումնասիրությամբ ի հայտ է 
բերվել, որ չնայած դրանցում առկա են առանձին դաժանությամբ կամ բռնությամբ 
կատարված հանցագործության մասին տեղեկություններ, սակայն նրանք հաշվառված 
չեն որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության բացասական հակում ունեցող 
դատապարտյալներ: Մինչդեռ վերջինս անհրաժեշտ է նրանց հետ սոցիալական, 
հոգեբանական և իրավական համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:

  Խախտումներ են արձանագրվել նաև դատապարտյալին ՔԿՀ տեխնիկատնտեսական 
սպասարկման մասի աշխատանքներում ներգրավվելու պահանջների, դատապարտյալների 
համար հաղորդակցության միջոցների, մասնավորապես փոստարկղերից և 
հեռախոսազանգից օգտվելու համապատասխան պայմանների և ընթացակարգերի 
պահպանման, պատժախցերում և կարանտինային բաժանմունքի խցերում կենցաղավարման 
համար նախատեսված անհրաժեշտ գույքով լիարժեք ապահովվածության, բաց և 
կիսաբաց ուղղիչ հիմնարկները կարանտինային բաժանմունքով ապահովելու հետ 
կապված:

Արձանագրված խախտումներրը քննարկվել են ՔԿՀ-ի վարչակազմի հետ, որը 
պարտավորվել է սեղմ ժամկետներում վերացնել դրանք և արդյունքների մասին 
հայտնել ՀՀ դատախազությանը:

Նմանատիպ այցելությունները քրեակատարողական հիմնարկներ, որոնք ուղղված են 
նաև կալանավորված անձանց, դատապարտյալների իրավունքների իրացման, պատժի 
կրման կարգի և պայմանների ապահովման նկատմամբ դատախազական վերահսկողության 
արդյունավետության բարձրացմանը, շարունակվելու են՝ կրելով պարբերական և 
անակնկալ բնույթ: ՀՀ դատախազությունը հետևողականություն է ցուցաբերելու 
ՔԿՀ-ներում իր կողմից արձանագրված խնդիրների վերացման հարցում՝ ըստ 
արդյունքների ձեռնարկելով կոնկրետ իրավիճակից բխող դատախազական 
ներգործության համարժեք գործիքներ:

                      Հարգանքով՝
                     ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին