Լրահոս
11:57
08.06.19
142

Երջանկության գութանը. Հովիկ Աֆյան

Img default alt hy

Հարավային Ասիայում՝ Չինաստանի եւ Հնդկաստանի արանքում գտնվող Բութանի Թագավորությունն, անշուշտ, շատ բաներով է տարբերվում Հայաստանից: Եթե, օրինակ, Հայաստանի հիմնադիր որպես ընդունված է կոչել՝ Հայկ նահապետին, ապա Բութանի թագավորությունը հիմնադրել է բուդդայական քահանա/լամա/ Նգավանգ Նամգյալը եւ ի տարբերություն՝ նույն Հայկ նահապետի, ոչ թե անհիշելի ժամանակներում, այլ 16-րդ դարի 2-րդ կեսերին: Ու չնայած այս տարիքային հսկա տարբերությանը եւ գնալով հայու գենի կույր պաշտպանների աննահանջ ցասմանն արժանանալու ռիսկին, ասեմ, որ մենք Բութանից սովորելու բաներ ունենք: Բնականաբար խոսքը չի գնում ոչ իրենց լեզվի մասին, որը կոչվում է՝ ձոնգքհա, ոչ էլ իրենց մայրաքաղաք՝ Թհիմփհուի պես մեր մայրաքաղաք Երեւանը մաքուր պահելու՝ քաղաքացիական, կրկնում եմ՝ քաղաքացիական մոտեցման մասին, ոչ էլ անգամ Բութանում շատ տարածված բրինձ, բամբակենի մշակելը սովորելու մասին, կամ, ենթադրենք, ածուխ եւ երկաթ արտահանելու:

Բութանում քաղաքական բոլոր տեսակի կուսակցություններն արգելված են: Կապ չունի՝ մայր գետակներն են, թե փոքրիկ առվակներ, կամ մանավանդ արտեզյան ջրեր: Ոչ մի տեսակի, անվանման, ուղղության կուսակցություն այս երկրում չկա: Բայց, Բութանն աշխարհում միակ երկիրն է, որն ունի, ուշադրություն՝ Երջանկության նախարարություն: Ավելին, ինչպես գրված է Բութանի Սահմանադրության 9-րդ հոդվածում՝«Կառավարությունը պարտավոր է ապահովել երկրի յուրաքանչյուր քաղաքացու երջանկությունը»: Պատահական չէ, որ ամեն անգամ, երբ Բութանում մարդահամար է անցկացվում, բնակիչներին պարտադիր մեկ հարց են տալիս՝ Դուք երջանի՞կ եք: Օրինակ, վերջին՝ 2005-ին անցկացված բութանյան մարդահամարի ժամանակ բութանցիների 97 տոկոսն ասել է, որ այո, երջանիկ է: Իհարկե կարող է տպավորություն ստեղծվել, որ վախից են այդպես պատասխանել, բանն այն է, որ Բութանը միապետություն է, եւ կարելի է ենթադրել, որ խեղճ բութանցիներն իրենց արքայից վախեցել են, ու դժբախտությունից ճկռած` Դուք երջանիկ եք հարցին, պատասխանել են՝ այո, մանավանդ, որ եթե ոչ պատասխանեին, Երջանկության նախարարին արքայի հրամանով կարող էին գլխատել: Բայց իրականում բութանցիները երջանիկ են: Այս երկիրն աշխարհում բնակչության քաղցածության, հանցագործությունների ամենացածր մակարդակներից մեկն ունի: Իսկ, երբ մարդը կուշտ է եւ իր կողքին մարդ չեն սպանում, նրա տունը չեն կողոպտում, նրա ունեցվածքը չեն հափշտակում, չեն քցում, քցում-թռնում, ուրեմն երջանիկ է, առնվազն պատճառ չունի՝ երջանիկ չլինելու:

Հիմա, կարելի՞ է արդյոք պնդել, որ Բութանը երջանիկ երկիր է, քանի որ քաղաքական կուսակցություններ չունի: Իմ կարծիքով՝ կարելի է. բանն այն է, որ քաղաքական կուսակցությունները ենթադրում են քաղաքական պայքար, իսկ քաղաքական պայքարը ծնում է անձնական մրցակցություն: Վերջինս կարող է առաջացնել միմյանց ունեցվածքը խլելու փոխադարձ ցանկություն, թշնամանք, ատելություն, իսկ վերջիններս ոչ միայն երջանկության բաղադրիչ չեն, այլեւ երջանկության հերն անիծում են: Ուրեմն ի՞նչ անել: Նկատի ունեմ՝ մեր քաղաքացիներին երջանիկ դարձնելու համար: Կարելի է, անշուշտ, սեւազգեստ մարդկանց չեզոքացնելու, սեւասիրտ մարդկանց՝ ասֆալտին փռելու, սրա-նրա ողնաշարը ջարդելու ցուցումներ տալ,…Բռնությունից ժողովրդի ինչ-որ հատված անպայման կերջանկանա, քանի որ այս ժողովրդին սովորեցրել են, որ իրենց երջանկությունը ոչ թե իր ձեռքերում է, այլ ուրիշները խլել են: Բայց հասկանալի է, որ ջարդելը, եթե անգամ այն սրիկայի գլուխ է, երջանկություն չէ, րոպեական հաճույք է, ընտրակաշառքի պես: Ուրեմն առաջարկում եմ մեր քաղաքացիներին երջանկացնելու համար…Չէ, ամենեւին էլ չփակել բոլոր կուսակցությունները, այլ... Բութանում օրենքով սահմանվում է, որ երկրի քաղաքացիները պարտավոր են պահպանել իրենց մշակույթը, սովորություններն ու տարազը: Ավելին, բոլոր նրանք, ովքեր չեն անի դա, նույն օրենքի մեկ այլ մասով կստանան համապատասխան պատիժ:

Մի բան էլ կա, բութանցիները, սա արդեն ոչ թե օրենքով, այլ՝ ուղղակի, արտաքին աշխարհի հետ մեծ շփումներ չունեն…Ու հիմա ինձ անչափ հետաքրքիր է, թե նրանք ինչո՞ւ են երջանիկ, որովհետեւ քաղաքական կուսակցություններ չունե՞ն, քանի որ պահպանում են ազգային մշակույթը, սովորույթները եւ տարա՞զը, թե՞ որովհետեւ արտաքին աշխարհի հետ մեծ շփումներ չունեն: Գուցե այս բոլորը՝ միասի՞ն…

Ամեն դեպքում մենք քաղաքական կուսակցություններ ունենք, ազգային մշակույթը, սովորություններն ու տարազը չենք պահպանում, արտաքին աշխարհի հետ էլ, բացի Բութանից, մեծ կապեր ունենք: Եւ երջանիկ չենք…