Լրահոս
Առողջապահական
22:03
03.05.19
162

Անառողջ ոտնձգություն՝ մամուլի ազատության հանդեպ

Առողջապահության նախարարությունը վերջապես խոսեց: Առիթը՝ երեկ մեր հեռարձակած ռեպորտաժն էր՝ «Ստիպողական պատվաստո՞ւմ. պոլիկլինիկայում լռում են» վերնագրով: Նախարարությունը, որը երեք ամիս շարունակ ոչ մի կերպ չէր արձագանքում առողջապահական որևէ նախաձեռնություն մեկնաբանելու մեր խնդրանքներին, այսօր հարկ է համարել հերքել Գարդասիլի պատվաստման շուրջ քաղաքացիների մտահոգությունները լուսաբանող մեր ռեպորտաժի բովանդակությունը: Ընդ որում, խեղաթյուրել է դրա վերնագիրը. հրապարակել է վերնագրի միայն առաջին մասը առանց հարցական նշանի: Առողջապահության նախարարությանը կոչ ենք անում զերծ մնալ ոչ մասնագիտական դատողություններից և սեփական դիրքորոշումը ներկայացնելու համար երբեմն-երբեմն հասանելի լինել լրագրողներին: Իսկ առողջապահության նախարարին հորդորում ենք օգտագործել լրագրողների հետ անմիջական շփման հնարավորությունները և լրագրության դասեր տալու փոխարեն, պատասխանել հարցերին: