Լրահոս
11:09
11.05.19
227

70 մարդ. Հովիկ Աֆյան

Img default alt hy

Սկզբում քարերն էին: Սկզբում պատերազմն էր, հետո քարերը, բայց պատերազմը երբեք սկիզբ չի լինում, միշտ վերջ է լինում` լավի էլ, չարի էլ: Քարերը սուր էին. 6-ամյա Սառայի ոտքերն ամբողջովին արյունոտվել էին, ու նա բղավում էր ցավից: Փոքրիկը ձեռքերով ամուր սեղմել էր ջութակը: Արդեն Բեթհովեն էր նվագում, մինչև պատերազմը: Արյունոտ էին նաեւ Սառայի մոր` 30-ամյա Մարիամի ոտքերը, բայց կինը ոտքերի ցավ չէր զգում. նրա սիրտն էր ցավում: Սրտի ու ոտքի ցավերը տարբեր են. մեկի ժամանակ բղավում ես, մյուսի ժամանակ` ներսից պայթում:

-Քիչ մնաց, աղջիկս, շուտով հասնում ենք,- ասաց Մարիամը:

-Էլ չեմ դիմանում, մամ,-ասաց Սառան…Իրականում մինչև ծով երկար ճանապարհ կար, Սառան ու իր մայրիկը ծով էին գնում, ավելի ճիշտ` դեպի ծով: Սառան ընկավ առաջինը, Մարիամը գրկեց դստերը ու առաջին անգամ գոռաց ոտքի ցավից, քարի ծայրը մտավ նրա ոտքի մեջ. Սառա՞ն էր մեղավոր, ոչ` պատերազմը. մեր երեխաները երբեք մեղավոր չեն մեր պատերազմներում: Սառայի հայրը մեռավ պատերազմում, ինչպես շատերի հայրերը:

-Հիմա մենք մեռնելու ենք ինչպես հայրի՞կը, մամ,-աչքերը փակ ու գլուխը` մոր ծոծրակին ասաց Սառան:

-Եթե մեռնենք, հայրիկի մոտ կգնանք, Սառա,-ասաց Մարիամը` դեպի ծովը` մահից ուժեղ հայացքով:

Հասան: Մարիամը վստահ էր իր ուժերին, նա մինչև պատերազմը երկրի լողի չեմպիոնն էր:

-Կկարողանանք,-բարձր մտածեց Մարիամը:

-Կկարողանաս,-հաստատեց Սառան: Ու մտան ծովը, Սառան` մոր ուսերին, մայրը` ծովի մեջ: Կղզին հեռու էր, կղզին ուրիշ պետություն էր:

-Հեյ, ո՞վ եք, բաց աչքերդ,-սահմանապահն էր, ով ձեռքով բացում էր Մարիամի աչքերը ու կսիրահարվեր, եթե Մարիամն ամբողջովին ցեխի մեջ չլիներ ու եթե տղամարդիկ իմանային, որ իրական թագուհիները ցեխերի մեջ են լինում, ամեն դեպքում` պալատում չեն լինում:

Մարիամը բացեց աչքերը: Հասել ենք, հասել ենք, հասե՜լ ենք, սկզբում շշնջաց, հետո բղավեց կինը,-Սառա, Սառա՞, Սառա՜…Սառան չկար: Ափին չէր, չէր էլ հասել: Մարիամն այնտեղ մենակ էր հասել, ինքն էլ չէր հասնի, եթե ծովի վերջին ալիքը չշպրտեր նրան` ափ: Սառան մնացել էր ծովում:

Մարիամը Սառային պատերազմից էր փրկում ու օտար պետություն էր բերում, որ աղջիկը լավ ապագա ունենա: Սառայի ջութակն էլ չկար:

Թունիսի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել: Նրանք Իտալիա էին գնում: 70 մարդ մահացել է…

Վերջում պատերազմն էր ու ծովը: