Լրահոս
Հասարակական
13:18
27.01.22
305

2-րդ նախագահի օրոք 2005թ. նամակագրությունից հետո Թուրքիայի հետ շփում չի եղել. Կիրո Մանոյան

 

-Պարոն Մանոյան, խնդրում եմ անդրադարձեք Ձեր վերջին հարցազրույցներից մեկում արված մի դիտարկմանը, Ազատության եթերում Դուք հայտարարել էիք, թե ֆուտբոլային դիվանագիտությունից առաջ ևս գործընթաց է եղել և գաղտնի գործընթաց է եղել : Ես խնդրում եմ, հստակեցրեք, թե ինչի՞ մասին է խոսքոը, որովհետև տպավորությունն այնպիսին էր, թե այդ գործընթացը եղել է ՀՀ 2-րդ նախագահի օրոք:

-Իմ այդ հայտարարությունը «Ազատություն» ռադիոկայանում կիսով չափ սխալ է եղել, կիսով չափ՝ ճիշտ: Ճիշտ է եղել այն մասով, որ մենք տեղյակ չենք եղել ինչ-որ գործընթացի մասին, սխալը այն է եղել, որ ասել եմ՝ եղել է գործընթաց, որը հետո պարզվել է մեզ: 

Այսինքն, պարզվում է, որ չի եղել գործընթաց, այսինքն, չէինք կարող տեղեկացված լինել մի բանից, որը տեղի չի ունեցել: Ինչ որ եղել է 2007 թվականին՝ Շվեյցարիան փորձել է միջնորդական առաքելություն սկսել, փորձեր են արվել, բայց երբեք հայ և թուրք դիվանագետները գաղտնի չեն հանդիպել: Հայ և թուրք դիվանագետները սկսել են հանդիպել նույն Շվեյցարիայի միջնորդությամբ 2008 թվականի մայիսին, հուլիսին և այլն: 

Ես անունը տվել էի «Ազատությանը» , օրինակ, Արման Կիրակոսյանը, որը ԱԳ փոխնախարար էր այն ժամանակ, իրականում այդ բոլորը եղել է 3-րդ նախագահի՝ լիազորությունները ստանձնելուց հետո: Մեկ հանդիպում առնվազն, Մոսկվայում, ֆուտբոլային դիվանագիտությունից առաջ եղել է, մնացածը` արդեն շարունակությունը: 

Այսինքն, երկրորդ նախագահի կողմից, բացի 2005 թվականի այն նամակագրությունը, որը հրապարակվեց՝ պատմաբանների հանձնաժողով կազմելու, թե միջկառավարական հանձնաժողով կազմելու, այսինքն, Թուրքիան առաջարկում էր պատմաբանների հանձնաժողով, մեր նախագահն առաջարկում էր՝ դա ճիշտ չի, որ թողնենք պատմաբանների ուսերին, պետք է միջկառավարական հարաբերություն ստեղծել և այդ հարաբերության մեջ մնացած հարցերին անդրադառնալ։ Դրանից հետո չի եղել Թուրքիայի հետ շփում, բայց ասացի` եղել է 2007-ը և այդտեղ էր սխալը։

-Այսինքն, եղե՞լ են ջանքեր, փորձեր միջազգային հանրության կողմից։

-Այնպես չէ, որ շվեյցարացիները գիշերը քնել, արթնացել են, որոշել են միջնորդել, պարզ է, որ Միացյալ Նահանգներն է մղել, որ Շվեյցարիան այդ առաքելությունը ստանձնի, այդ ձևով փորձ արվել է, բայց չի ստացվել, այսինքն, առանձին-առանձին տեսնվել են Շվեյցարիայի ներկայացուցիչները Հայաստանի և Թուրքիայի դիվանագետների հետ, այսինքն, երբեք երկուսը կողք կողքի, քով քովի չեն եղել, այսինքն, հայ և թուրք դիվանագետներ 2005-ի այդ նամակագրությունից հետո չեն հանդիպել, շատ ճիշտ չէ ասել, որ գործընթացը սկսվել է 2007-ին, 2007-ին Շվեյցարիայի միջնորդական փորձերը սկսել են, բայց իրական շփումները եղել են 2008-ի մայիսից սկսած: