Լրահոս
Միջազգային
11:30
26.07.26
328

Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN

Img default alt hy

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Սպիտակ տանը կայացած խորհրդակցության ժամանակ մտահոգություն է հայտնել Իրանի հետ ռազմական հակամարտության հնարավոր սրման կապակցությամբ, հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Հեռուստաընկերության տվյալներով՝ հուլիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ Վենսը և ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը հնչեցրել են իրենց մտավախությունները հակամարտության հնարավոր սրման կապակցությամբ: Քեյնը հանդիպման մասնակիցների ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, որ գործողության ընդլայնումն առավել եւս կսպառի ամերիկյան զինամթերքի պաշարները, նշում է CNN-ը:

Պենտագոնում աղբյուրը հեռուստաընկերությանը հաստատել է, որ «գործողությունները կասեցված են»: Հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է դրդել ռազմական գերատեսչությանը դադար վերցնել Իրանին հարվածներ հասցնելու հարցում։ CNN-ի տեղեկություններով՝ Պարսից ծոցի երկրները դիմել էին ամերիկյան վարչակազմին՝ Իրանի հետ հակամարտությունում զսպվածություն ցուցաբերելու խնդրանքով։ Թրամփը մասնավոր կարգով հանձնարարել է ամերիկյան բանակցողներին շարունակել շփումները Թեհրանի հետ, հայտնել է հեռուստաընկերության աղբյուրներից մեկը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ դիտարկում է Իրանի նկատմամբ լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու և իսլամական հանրապետության վրա «զանգվածային հարձակում» իրականացնելու հնարավորությունը: Ավելի ուշ The New York Times թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սպիտակ տան ղեկավարը որոշել է ձեռնպահ մնալ հակամարտության սրումից։