Լրահոս
Հասարակական
12:47
25.07.26
67

ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Img default alt hy

Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Այդ մասին հայտնում է ՆԳՆ-ը:

«Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է․

- վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ շրջապատելով խարույկը 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով․

- բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ․

- նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ծխել և օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում․

- կատարել չոր խոտի, խոզանի այրում, թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն:

Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները, հո՛գ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարե՛ք 112 հեռախոսահամարին»,- ասված է հաղորդագրության մեջ։