Լրահոս
Միջազգային
10:46
25.07.26
102

«Երրորդ անգամն ավելի լավ կլինի». Թրամփը կրկին կատակել է երրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորության մասին

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կատակել է երրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպես իմ նախագահական ժամկետների դեպքում, երկրորդ անգամ միշտ ավելի լավ է ստացվում։ Այդպես միշտ ավելի լավ է լինում։ Իսկ երրորդ անգամն էլ ավելի լավ կլինի», - ասել է նա Սպիտակ տանը հավատարմագրված թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ։ «Ես պարզապես կատակում եմ», - հավելել է Թրամփը։

Ավելի ուշ՝ ելույթի ընթացքում, Թրամփը նաև կրկին հայտարարել է, որ առաջադրվելու է ԱՄՆ-ում 2028 թվականին կայանալիք նախագահական հաջորդ ընտրություններին։ Ընդ որում, նա կրել է «Թրամփ 2028» գրությամբ կարմիր գլխարկ, ինչը հանդիսատեսի ծիծաղն է հարուցել։ ԱՄՆ նախագահը նորից պարզաբանել է, որ լուրջ չի խոսում։

Օրենքի համաձայն՝ Թրամփի նախագահական երկրորդ ժամկետը պետք է ավարտվի 2029 թվականի հունվարին։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ ուղղումը, որն ընդունվել է 1951 թվականին, սահմանափակում է նախագահի պաշտոնավարումը երկու ժամկետով։ Այդուհանդերձ, ԱՄՆ գործող նախագահը բազմիցս ակնարկել է երրորդ ժամկետով վերընտրվելու ձգտելու հնարավորության մասին։ Բացի այդ, նման հեռանկարների մասին անցյալ տարվա աշնանը հայտարարել էր նախագահի նախկին գլխավոր քաղաքական ստրատեգ Սթիվ Բենոնը։

Թրամփը երկրորդ անգամ հաղթանակ էր տարել 2024 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում՝ պարտության մատնելով Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Կամալա Հարիսին։ Առաջին անգամ նա ԱՄՆ վարչակազմը գլխավորել էր 2017-2021 թվականներին։