Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:10
26.05.26
608

Ռուսաստանը ոչ թե խոսքով, այլ գործով է մտահոգվել Հայաստանի ճակատագրով. Զախարովա

Img default alt hy

Ռուսական կողմը ոչ թե պարզապես «խոսքով» է մտահոգվել Հայաստանի ճակատագրով, այլ իրականացրել է քաղաքականություն, որն ուղղված է եղել հանրապետության զարգացմանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինձ թվում է, որ Ռուսաստանն այն երկիրն է, որն անկեղծորեն, ոչ թե պարզապես խոսքով է մտահոգվել Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրով, այլ որը տասնամյակներ շարունակ հետևողականորեն իրականացրել է այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է եղել ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այլև բուն Հայաստանի զարգացմանը»,- ասել է նա Անվտանգության հարցերով I միջազգային ֆորումի շրջանակում։

Դիվանագետը պարզաբանել է, որ դա վերաբերել է ինչպես անվտանգության հարցերին, այնպես էլ «կոնֆլիկտային ներուժի նվազեցման» հարցերին։

«Տեսեք, թե որքան է արվել մեր երկրի նախագահի կողմից։ Եվ ընդհանրապես մեր կառավարության, այո՛, և մեր ժողովրդի կողմից՝ ամեն անգամ, երբ Կովկասում բոցը սկսում էր թափ հավաքել, այն մարելու համար։ Դա իսկական ընկերոջ անկեղծ ձգտումն էր։ Ահա այսպես են իրենց պահում ընկերները»,- ընդգծել է Զախարովան։

Անվտանգության հարցերով միջազգային ֆորումը մայիսի 26-ից 29-ը անցկացվում է Մոսկվայի մարզում՝ ՌԴ Անվտանգության խորհրդի հովանու ներքո, «Live Arena» համալիրի հարթակում։ ՏԱՍՍ-ը ֆորումի տեղեկատվական գործընկերն է։