Լրահոս
Քաղաքական
21:36
27.05.26
170

Մոսկվան իրերն իրենց անունով է կոչում, Փաշինյանը «կուչ չի գալիս». հայ-ռուսական գազային լարվածություն

Պաշտոնական Մոսկվան այսօր փաստացի հերքել է Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած հայտարարությունը, թե ինքը Վլադիմիր Պուտինի հետ նոր բանակցության պայմանավորվածություն ունի և այն ծրագրված է հունիսի երկրորդ կեսին, այսինքն՝ մեր երկրում Ազգային ժողովի ընտրություններից մեկ շաբաթ հետո: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հատարարել է, որ մոտ ապագայում Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ չեն սպասվում, նրա բառերով՝ դրանք արդեն վերջերս կայացել են: Պուտին-Փաշինյան ապրիլմեկյան հանդիպման ամենակոշտ շեշտադրումները կամաց-կամաց կյանքի են կոչվում: 

Ինչպես և նկատում էին փորձագետները, Պուտինը հենց այնպես չէր հիշեցրել, թե ինչ արտոնյալ պայմաններով է Հայաստանը գազ գնում դաշնությունից: Սկանդալային հայտարարություն է արել այսօր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը միակողմանիորեն կդադարեցնի կամ կչեղարկի Հայաստանի հետ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, եթե Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության գործընթացը շարունակվի։