Լրահոս
19:00
24.04.19
244

Դիակապտություն. Ա.Ասոյան

Img default alt hy


Երբ հիշատակի օրը վերածվում է դիակապտության շքերթի, հասկանում ես, որ մի քայլ էլ հեռվացար ծխելու զզվելի սովորությունը թողնելուց: Սովորությունը հզոր շղթա է, կապանք, որը քարշ ես տալիս հաճախ անիմաստ գոյությանդ գրեթե ամբողջ ընթացքում: Երբ կատվին տեսնելիս հետ ես շրջվում, ճանապարհից հետ դառնալիս նայում ես հայելու մեջ, իրականացնում ես մի ծիսակարգ, որի իմաստը ոչ միայն չես հասկանում, այլև այն վաղուց արդեն չկա, գոյություն չունի, գերեզման է մտել այն զառամյալ ծերունու հետ, որն այդպես էլ չհասցրեց սերունդներին պատմել գիտեցածը: Նա համր էր:
Ծիծեռնակաբերդ այցելությունն էլ վաղուց արդեն վերածվել է նման մի սովորության: Չէ, վաղուց չէ, ստեղծման օրվանից: Իրական իմաստը հասկանում էին ախպարները, նրանց էլ փչացրիք: Հիմա հիշատակի օրը դարձել է շքերթ, փուչիկների փոխարեն հարևանի բախչից պռճոկած զույգ կակաչով: Դարձել է սովորություն, որից հրաժարվելն էլ դարձել է անհրաժեշտություն:
Ճանապարհին Լուսինե Զաքարյանի աստվածային ձայնին ու Մոցարտի Ռեքվիեմին միախառնվում են շուկային, չէ, բազարին բնորոշ ձայները, ավելի բնորոշ դեմքերով ու խոսակցություններով: Ու երբ կբողոքեք, որ Ձեր երեխան տխմար է մեծանում, մի պահ հիշեք՝ տարիներ առաջ, ապտակի սպառնալիքով, ստիպել եք ծաղիկը ձեռքին ժպտալ՝ «Եղեռնի ֆոնին», դուք էլ թմբուկի ներսում ծաղիկ դնելիս սելֆի արեցիք, ցանկալի է տխուր դեմքով, ավելի ցանկալի է Փաշինյանի ֆոնին: Ու ոչ մեկին չի անհանգստացնում այն նվաստացուցիչ աղմուկը, որ տիրում է սկզբից մինչև անմար կրակ: Այսպես եղել է միշտ, ու կտևի շատ երկար, որովհետև ամբոխից հասարակություն էվոլյուցիան տևում է հազարամյակներ, որի ճանապարհին բազմաթիվ քաղաքակրթություններ մարեցին, այնպիսինները, որոնց մասին երազելն անգամ բղջախոհություն է թվում:
Ու ամեն անգամ, երբ հեշտանք եք ապրում Թուրքիայի դրոշը վառելիս, երբ խոսում եք պետությունից, պետությանը տեր լինելուց, քաղհասարակությունից, սկսեք լռելուց, գոնե Ծիծեռնակաբերդում: Զսպեք գավառական ու հաճախ կենդանական բնազդները, այլապես ավելորդ անգամ ապացուցում եք երկու բանի Չգոյություն՝ պետության ու դրա գիտակցության:

Հ.Գ. Ու միակ լուսավոր կետը չորս տարի առաջ միլիոնուկես նահատակների սրբադասումն էր: Ու քանի՞սդ եք սելֆի անելուց առաջ գոնե մեկ մոմ վառել նրանց հիշատակին: