Լրահոս
11:43
26.04.19
176

Արիստազաբալ կղզում արմավենիներ չկան. Հովիկ Աֆյան

Img default alt hy

Դատելով Երեւանում շատ տարածված շապիկներից՝ մենք ճանաչում ենք Չե Գեւարային: Կան երջանիկներ, որոնք ոչ միայն շապիկի մակարդակով, բայց երջանիկները միշտ փոքրամասնություն են լինում, նույնիսկ Խաղաղ օվկիանոսում գտնվող փոքրիկ եւ գեղեցիկ Արիստազաբալ կղզում: Չգիտեմ ինչ առիթով/այնքան երջանիկ եմ, որ ամեն բան չգիտեմ/ Չե Գեւարան ասել է՝ Հեղափոխությունը պոռնիկ չէ, որ ով երբ ուզի՝ անի: Այնպես որ, երբ Գեւարայի նկարով շապիկով գալիս եք հրապարակ, որ հեղափոխություն անեք, հիշեք թե շապիկի տղան ինչ է ասել:

 Բայց Արիստազաբալ կղզին պատահական չհիշեցի: Մի օր այդ կղզում, որտեղ ցավոք արմավենիներ չկան, քանի որ գտնվում է Կանադայի մոտ ու պատկանում է հենց այդ երկրին, հանդիպում են երկու ծեր հրեա: Թե ի՞նչ գործ ունի հրեան աշխարհի ծայրում, կարծում եմ, անիմաստ է հարցնելը, քանի որ հրեան ամենուր է ու ինչն ավելի կարեւոր է՝ միշտ գործ ունի: Մեկի անունը լինում է Բենիամին, մյուսինը՝ Ավիգդոր: Պարզվում է, որ երկուսն էլ ծնվել են Հայֆա քաղաքում, երկրպագում են տեղի Մաքքաբի ֆուտբոլային ակումբին, ու նույնիսկ մի դասարանում են սովորել: Բնականաբար ընկերները փոքր ինչ զրուցում են ու Ավիգդորը հետաքրքրվում է Բենիամինց, թե ի՞նչ երեխաներ ունի: Բենիամինը պատասխանում է. Մեծ տղաս ավարտեց Հարվարդը, ապա մեկնեց Վրաստան եւ այնտեղ հեղափոխություն արեց: Միջնեկ որդիս ավարտեց Օքսվորդը, ապա մեկնեց Ուկրաինա եւ այնտեղ հեղափոխություն արեց, կրտսերս ավարտեց Քեմբրիջը, հիմա Իսրայելում է...Այստեղ Ավիգդորն ընդհատում է ընկերոջն ու փոքր ինչ հեգնանքով հարցնում՝ Իսրայելո՞ւմ է հեղափոխություն անում: Ոչ, ինչ ես ասում,-պատասխանում է Բենիամինը,-հայրենիքում հեղափոխություն չեն անում: Հետո Ավիգդորն ու Բենիամինը քննարկում են Բենիամին Նեթանյահուի քաղաքականությունը եւ գալիս ընդհանուր կարծիքի, որ Նեթանյահուն, չնայած հրեականացրեց Գոլանի բարձունքներն ու Երուսաղեմը դարձրեց Իսրայելի մայրաքաղաք, բայց չի կարողանում իրացնել համաշխարհային հրեա ազգի ողջ ներուժը, չի նպաստում հրեանների մասսայական ներգաղթին եւ հենց այդ պատճառով էլ իրենք այսօր ոչ թե հայրենի Հայֆայում վայելում են Միջերկրական ծովի տաք ջրերը, այլ ստիպված աշխատում են Արիստազաբալ կղզում:

Բենիամինն այդպես էլ չիմացավ, որ իր մեծ ու միջնեկ որդիները գնդակահարվում են՝ հեղափոխություններից հետո, քանի որ ռոմանտիկ էին եւ գործունեության ծրագիր չունեին, ինչը շատ կարեւոր բան է, երբ ավարտվում է ռոմանտիկան, իսկ չիմացավ, քանի որ որդիներն իրենց ամբողջովին նվիրել էին հեղափոխությանը՝ մոռանալով ամեն ինչ եւ մեկին, հակառակ պարագայում չէին հաղթի:

Բայց չխառնվենք հրեական գործերին, մանավանդ, որ մեր՝ նույնիսկ ցեղասպանությունները միմյանց նման չեն:

Ճաշակի հարց է, թե ով՝ ինչպես է անվանում այն, ինչ կատարվեց վերջին տարում Հայաստանում: Կա կարծիք, որ սա հեղափոխություն էր, չնայած Սամվել Ալեքսանյանից 3 հատ լավաշ ստանալու համար մարդիկ առաջ էլ էին տասնյակներով հերթ կանգնում, այսօր էլ են կանգնում: Կան մարդիկ, որոնց կարծիքով դիմակահանդես էր, ուրիշները պնդում են, որ բիզնես է՝ ընդ որում աճուրդի սկզբունքով, դե իհարկե կան, որ վստահեցնում են՝ Պուտինն էր, Թրամփն էր, Բենիամինի որդիներն էին/հրեաները հարություն առնելու ունակություն ունեն/, մի խոսքով...բայց հիմնականում պնդում են, որ ժողովուրդն էր: Հենց Նիկոլ Փաշինյանի մեջ տեսնելով Մեսիայի աստղը՝ ժողովուրդը դուրս եկավ փողոց, ոչ բոլորն, անշուշտ: Ամբողջ ժողովուրդը միայն պատերազմների է մասնակցում, չնայած այդ ժամանակ էլ մեծամասնությունը դասալիքներն են:

Թե ուր կտանի այս ամենը՝ ես չգիտեմ, ինչպես, օրինակ քիմիական խնդիրներ լուծել չգիտեմ ու ամեն անգամ վախենում էի, երբ դասարան էր մտնում քիմիայի երջանկահիշատակ ուսուցիչս: Ես նաեւ չգիտեմ, թե ո՞ւր էին կորել Լենինգրադյան փողոցի պոռնիկները՝ հեղափոխության սուր օրերին, որոնց ամեն օր տեսնում էի՝ աշխատանքից տուն ճանապարհիս: Չկան: Չէ, բնական է. այս շարժումը համաժողովրդական է եւ նորմալ է, որ դրան մասնակցում են նաեւ պոռնիկները:

Պարզապես հեղափոխությունը պոռնիկ չէ: