Լրահոս
Հասարակական
17:07
07.02.22
252

Տրանսպորտում ալկոգելի տուփերն այնքան կեղտոտ են, որ մարդ չի ուզում ձեռք տա․ քաղաքապետ

Img default alt hy

Չնայած տուգանքներին, Երևան քաղաքում գործող տրանսպորտային միջոցներում չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի ներկայացուցիչ Նոնա Հայրապետյանը՝ հավելելով, որ կրկնակի ստուգայցերի  ընթացքում տրանսպորտում կրկին խախտումներ են հայտնաբերվել:

«Տեսչական մարմնի գերագույն նպատակը տուգանելը չէ, այլ վերահսկողական գործիքը կիրառելու միջոցով արձանագրված խախտումներին լուծումներ տալը։ Մեր բնակչությունն իրավացի է, երբ նշում է QR կոդերի կիրառության նպատակահարմարության մասին այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցներում խնդիրը չի վերանում»,- նշել է Հայրապետյանը և ընդգծել, որ վարորդներից սկսած դիմակներ չեն դնում, իսկ տրանսպորտում ալկոգելը բացակայում է։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը իր դժգոհությունն է հայտնել տրանսպորտային միջոցներում ախտահանիչ լուծույթների տուփերի վիճակից հետ կապված. 

«Ալկոգելների տուփեր կան` այնքան կեղտոտ են, որ մարդ չի ուզում ձեռք տալ, օգտվել։ Դրանք վերացրեք, մրցույթ հայտարարեք, որ նորմալ տուփեր լինեն ու պարբերանար մաքրեք, թե չէ սկոչով կապված , ծուռ տարաներն ուղղակի սեղմելիս ընկնում են»,- ասել է նա: