Լրահոս
Միջազգային
19:23
21.07.26
134

Մեծ Բրիտանիան հուլիսից ամբողջությամբ անցել է էլեկտրոնային վիզաների

Img default alt hy

Մեծ Բրիտանիան հուլիսից ամբողջությամբ անցել է էլեկտրոնային վիզաների, դրանք այլևս չեն փակցվի անձնագրերում։ Այս մասին ասվում է ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից ՌԴ ԱԳՆ-ին ուղղված հայտագրում, որը հայտնվել է ՏԱՍՍ-ի տրամադրության տակ։

«Դեսպանատունը հայտնում է, որ Մեծ Բրիտանիան անցել է մի համակարգի, որտեղ էլեկտրոնային վիզաները (eVisas) վիզա ունեցողների համար ներգաղթի կարգավիճակը հաստատելու հիմնական միջոցն են: 2026 թվականի հուլիսից դադարեցվում է նոր դիմորդներին փակցվող վիզա-վինետների (կպչուն պիտակների) տրամադրումը: Նախկինում փակցված վիզա-վինետները, որոնց վավերականության ժամկետը չի լրացել, կընդունվեն ուղևորություններ կատարելու համար մինչև դրանց ժամկետի ավարտը: Այսպիսով, կապված ներգաղթի կարգավիճակի թվային հաստատման համակարգին Մեծ Բրիտանիայի անցման ավարտի հետ, վիզաների պիտակ-վինետներ այլևս չեն տրամադրվի», - ասվում է փաստաթղթում։

Դրանում նշվում է, որ «բոլոր մնացած ճանապարհորդներին, որոնք վիզայի նոր դիմում են ներկայացնում, կտրամադրվի էլեկտրոնային վիզա (eVisa) և թույլտվություն՝ արձանագրված թվային ձևաչափով, որն ավտոմատացված համակարգերի միջոցով ստուգվում է փոխադրողների և սահմանապահ ծառայությունների կողմից»:

Էլեկտրոնային վիզան (eVisa) իրենից ներկայացնում է «թվային գրառում, որը հաստատում է Մեծ Բրիտանիա մուտք գործելու կամ երկրում մնալու ներգաղթային թույլտվությունը, ինչպես նաև պարունակում է տեղեկատվություն կիրառելի պայմանների մասին»:

«Այս տվյալների հասանելիությունն իրականացվում է UK Visas and Immigration (UKVI) համակարգում անձնական հաշվի միջոցով: Սեփականատերը կարող է նաև կցել իր անձնագիրը կամ ճամփորդական այլ փաստաթուղթը UKVI կայքի անձնական հաշվին, ինչը հեշտացնում է միջազգային ուղևորությունները մեկնելուց առաջ ավտոմատացված ստուգման շնորհիվ, որն իրականացնում են փոխադրողները (օրինակ՝ ավիաընկերությունները), որոնք օգտվում են Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարության համակարգերից», - նշված է հայտագրում:

Թղթային կամ այլընտրանքային հաստատող փաստաթղթերը «կշարունակեն տրամադրվել միայն բացառիկ դեպքերում»: Դրանց թվում են «էլեկտրոնային վիզայի հետ օգտագործելու համար նորացված ձևաթուղթը (FAV), սահմանափակ միջանկյալ կամ այլընտրանքային հաստատումները՝ այնտեղ, որտեղ դա կպահանջվի՝ որոշակի ուղղությունների համար, օրինակ՝ բրիտանական թագի իրավասության տակ գտնվող տարածքների՝ Ջերսիի, Գերնսիի և Մեն կղզու, ինչպես նաև Ջիբրալթարի հետ կապված միջոցառումների շրջանակներում»: