Լրահոս
Հասարակական
18:18
07.02.22
160

Իսրայելի վարչապետը հայտարարել է՝ անարձագանք չի թողնի «Պեգասուս»-ով քաղաքական-հասարակական գործիչներին գաղտնալսելու պնդումները․ «խնդիրը կուսումնասիրվի»

Img default alt hy

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը խոստացել է «անպատասխան չթողնել» երկրի ոստիկանության կողմից հասարակական-քաղաքական գործիչներին և լրագրողներին «Պեգասուս» համակարգով գաղտնալսելու վերաբերյալ մեղադրանքները։

Ավելի վաղ իսրայելական «Calcalist» պարբերականը հոդված է հրապարակել՝ պնդելով, որ Իսրայելի ոստիկանությունը, առանց դատարանի համապատասխան որոշման, «NSO Group»-ի «Պեգասուս» ծրագրի միջոցով գաղտնալսել է երկրի քաղաքական գործիչներին, պետական գերատեսչությունների ղեկավարներին, բիզնեսմեններին, լրագրողներին և հասարակական գործիչներին։

««Պեգասուս»-ի օգտագործման վերաբերյալ մեղադրանքները շատ լուրջ են, եթե դրանք իրական են։ Մենք դա անպատասխան չենք թողնի։ Ենթադրյալ փաստերն ու իրադարձությունները շատ լուրջ են»,- այս առնչությամբ ասել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը։

Նա հավելել է, որ «Պեգասուսն» ու համանման ծրագրերը ահաբեկչության և հանցավորության դեմ պայքարի կարևոր գործիքներ են և նախատեսված չեն Իսրայելի պաշտոնատար անձանց կամ հասարակական գործիչների մասին ինֆորմացիա հավաքագրելու համար։

«Մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել»,- ասել է Բեննեթն ու հավաստիացրել, որ կառավարության իրավական խորհրդականի տեղակալ Ամիթ Մերարին արագ կուսումնասիրի հրապարակված փաստերը։

Իսրայելի կառավարությունը, Բեննեթի խոսքով, շատ շուտով նոր իրավական խորհդատու կնշանակի (նախկին խորհրդականի լիազորությունները դադարել են՝ պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված-խմբ․), և նրա ու համապատասխան նախարարների հետ ինքը հանգամանալից կքննարկի և կուսումնասիրի խնդիրը։ 

Նշենք, որ «Calcalist» պարբերականը 2021 թվականի նոյեմբերից պարբերաբար անդրադառնում է լրտեսական «Պեգասուս» ծրագիրն Իսրայելի իշխանությունների կողմից ապօրինաբար օգտագործելու խնդրին և ժամանակ առ ժամանակ փաստեր է հրապարակում այդ մասին։