Լրահոս
Միջազգային
16:30
18.06.26
122

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կհանդիպեն Շվեյցարիայում․ Al Arabiya

Img default alt hy

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ուրբաթ օրը Շվեյցարիայում կանցկացնեն ուղիղ բանակցությունների առաջին փուլը, որի ընթացքում կքննարկվեն որոշ տեխնիկական հարցեր, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագիրը։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ կողմերը նախատեսում են դիտարկել Իսլամական Հանրապետության «միջուկային ծրագրի հետ կապված քաղաքական ասպեկտները», հակաիրանական պատժամիջոցների վերացման և իրանական ակտիվների ապասառեցման խնդիրներին վերաբերող «իրավական ասպեկտները», ինչպես նաև Լիբանանի և շիական «Հեզբոլլահ» շարժման գործունեության հետ կապված հարցերը։ Նշվում է, որ հանդիպումները կարող են տեղի ունենալ Ցյուրիխում։

Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ բանակցություններին կմասնակցեն Կատարի և Պակիստանի ներկայացուցիչները, իսկ որոշ հանդիպումներին ներկա կլինեն նաև Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Շվեյցարիայի ԱԳՆ-ն, հայտնել էր, որ ԱՄՆ-ը և Իրանը հունիսի 19-ին շվեյցարական Բյուրգենշտոկում կանցկացնեն նախնական բանակցություններ՝ կողմերի ձեռք բերած համաձայնագրի կատարման վերաբերյալ։