Լրահոս
Աշխարհ
21:30
02.08.21
69

Հունաստանից Թայլանդ՝ կրակի լեզուներ են կամ բողոքի կրակ

Հրդեհներ են նաեւ Հունաստանում եւ Իտալիայում: Իսկ Լիբանանում եւ Թայլանդում փողոցային բողոքներն են բոցավառվում: Թուրքիայից հյուսիս-արևմուտք՝ Հունաստանի երկինքն է շիկացած: 47 աստիճանի շոգը մեկ օրում 56 անտառային հրդեհի պատճառ է դարձել: Հունաստանի արևը մթնել է թանձր ծխից:Մոտակա գյուղերի բնակիչներին տարհանել են: Հռոդոս կղզին մնացել է առանց էլեկտրականության ու ջրի:

Կրակն է ընկել նաև Իտալիան: Բարձր ջերմաստիճանի պատճառով բռնկված հրդեհները մոխրացրել են Սիցիլիա կղզու լողափերը: Տուժել են հատկապես Կատանիա և Պեսկարա նահանգները: Մի քանի օր առաջ սկսված անձրևներն էլ չեն օգնում: Անձրևը արդեն կաթիլ է կրակի օվկիանոսում: Ռետինե փամփուշտներ, մոլոտովյան կոկտեյլներ՝ Թայլանդի փողոցներում: Բանգկոկցիները վարչապետի հրաժարականն են պահանջում, որովհետև կարծում են՝ կառավարությունը տապալել է համավարակի տարածումը կանխող օպերացիան: Երկրում արագորեն տարածվում է հնդկական դելտա շտամը:

Ցուցարարներին ցրելու համար ոստիկանները ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ են կիրառել: Բայց անկարգությունները ամբողջ գիշեր չեն դադարել: Բողոքի կրակ է նաև Գերմանիայում: Կորոնավիրուսի պատճառով այդ երկրի կառավարությունն արգելել է բողոքի ակցիաները: Հենց այդ որոշման դեմ էլ անկառավարելի ակցիաներ են սկսվել: Ոստիկանները ձերբակալել են 600 քաղաքացու: