Լրահոս
Միջազգային
18:36
30.06.26
290

Ալի Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք՝ առանձին հրաժեշտի արարողություններ անցկացնելու համար

Img default alt hy

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մարմինը, որը զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով, կտեղափոխվի Իրաք, որտեղ շիա մուսուլմանների համար կկազմակերպվեն հրաժեշտի արարողություններ։ Այս մասին Թեհրանում կայացած ճեպազրույցում հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ երկու երկրների իշխանություններն արդեն «անհրաժեշտ խորհրդակցություններ են անցկացրել արարողությունների հետ կապված հարցերի շուրջ», իսկ Իրաքում իրանական կողմի հետ համակարգման համար ձևավորվել է հատուկ կոմիտե։ Իր հերթին՝ հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների կազմակերպման շտաբի քարտուղար Ալի Աքբար Փուրջամշիդիանը մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է, որ այաթոլլայի մարմինը Իրաք կուղարկվի հուլիսի 8-ին։

Իրաքի Քերբելա և Նաջաֆ քաղաքները, ուր հերթականությամբ կտեղափոխվի Ալի Խամենեիի մարմինը, շիաների համար համարվում են սրբազան վայրեր։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածների տակ հայտնվեցին Իսլամական Հանրապետության խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են Իրանից իբր բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով։ Հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և երկրի ղեկավարության այլ առանցքային գործիչներ։ Հունիսի 13-ին Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը տեղեկացրել էր, որ Խամենեիի հետ հրաժեշտ տալ հնարավոր կլինի հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին՝ Թեհրանում, հուլիսի 7-ին՝ Ղումում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։