Լրահոս
Հասարակական
10:48
02.02.22
158

ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում է

Img default alt hy

Հունվարի 31-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հրավերով մեկնարկել է Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի պաշտոնական այցը Լյուքսեմբուրգ:

ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը, պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Արման Եղոյանը հանդիպել են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենին:

Ըստ բանաձևերի՝ երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում կառավարությանը Լեռային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Բանաձևով արձանագրվել է ԼՂ տարածքների բռնազավթումն Ադրբեջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակայությունը, ինչպես նաև կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց նկատմամբ, ովքեր հայերի հանդեպ բռնություն և ատելություն են տարածում: Ինչպես նաև կոչ է արվել ապահովել հայկական մշակութային ժառանգության պահպանությունը:

Սոնա Ղազարյանը կարևորել է Հայաստան-Լյուքսեմբուրգ զարգացող հարաբերությունները, որոնց վկայությունն է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև 2022 թվականի հունվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և իրենց պատվիրակության այցերը:

Պատվիրակության ղեկավարը կարևորել է նաև երկկողմ խորհրդարանական հարաբերությունները, ինչպես նաև համագործակցությունն այլ միջազգային հարթակներում, ինչպիսիք են՝ ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն և Ֆրանկոֆոնիան:

Խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենը, ողջունելով ՀՀ պատվիրակությանը, արձանագրել է ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների հաջող ընթացքը՝ վկայակոչելով նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը: Նախագահը բարձր է գնահատել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ժողովրդավարական ճանապարհը:

Ֆերնան Էտգենն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը: Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերության մեջ պահվող անձանց վերադարձի հարցերին:

Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունները: