Լրահոս
Միջազգային
18:48
18.06.26
124

Գործարքը չի նմանվում Թրամփի խոստացած Իրանի «անվերապահ կապիտուլյացիային»․ NYT

Img default alt hy

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման համաձայնագիրը չի նմանվում Թեհրանի «անվերապահ կապիտուլյացիայի» մասին փաստաթղթի, որի մասին ավելի վաղ խոսել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին նշում է The New York Times (NYT) թերթը։

Պարբերականի գնահատմամբ՝ Իրանը ԱՄՆ-ի հետ դիմակայությունից դուրս է եկել ոչ միայն պահպանելով կայունությունը, այլև հասնելով իր համար մի քանի շահավետ պայմանների, այդ թվում՝ նավթի վաճառքից միլիարդավոր դոլարներ ստանալու հնարավորության վերականգնմանը։

Թերթը նշում է, որ հուշագիրը ենթադրում է նաև Իրանի սառեցված ակտիվների ապասառեցման հնարավորություն։ Բացի այդ, ինչպես գրում է NYT-ը, փաստաթղթի ձևակերպումները կարող են Իրանին թույլ տալ հետագայում հասնել Հորմուզի նեղուցի նկատմամբ մշտական ինքնիշխանության։

ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնյաները հունիսի 14-ին հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը, որը կոչված է վերջ դնելու Մերձավոր Արևելքում պատերազմին։ Փաստաթղթի ստորագրման արարողությունը, ինչպես ծրագրված է, տեղի կունենա հունիսի 19-ին Ժնևում։ Իրանի ԱԳՆ փոխղեկավար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանում։ Հունիսի 17-ին Թրամփը հաստատել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումը։