Լրահոս
Հասարակական
11:13
06.02.22
405

Գլխացավով արթնանում ենք, գլխացավով՝ քնում. Ֆիզգորոդոկում շինաշխատանքներն ընթանում են բարձր աղմուկով, չնախատեսված ժամերի

Img default alt hy

Երեւանի Ֆիզգորոդոկ թաղամասում սեպտեմբերից սկսված շինարարական աշխատանքներն ուղեկցվում են նախատեսվածից բարձր ձայնով եւ անհանգստություն պատճառում հարեւանությամբ ապրող բնակիչներին։ «NEWS.am»-ի հետ զրույցում թաղամասի բնակչուհի Աննա Տանդոյանցն ահազանգում է նաեւ, որ շինաշխատանքներն ընթանում են նախատեսվածից երկար։ 

Անելանելի վիճակում հայտնված բնակիչները դիմել են և՛ ոստիկանությանը, և՛ քաղաքապետարանին, բայց այս կառույցներում, նրանց խոսքով, անգործության են մատնված։ Բնակիչները դիմել են նաև Առողջապահության նախարարությանը, որպեսզի կատարվի աղմուկի չափում։

«Եկել են չափումն արել, և արձանագրվել է, որ աղմուկը 100%-ով գերազանցում է նորման։ Եթե նորման սահմանված է, օրինակ, 40 դեցիբել, ապա մի մուրճի աղմուկը կազմել է 80 դեցիբել։ Բայց իրենք երկու մուրճով են աշխատում, աղմուկը չափել են միայն մեկի դեպքում։ Ամբողջ տունը դղրդում է, շուշեղենը՝ զնգզնգում։ 

Աշխատանքից հոգնած գալիս եմ, որ գոնե տանը հանգստանամ, չի ստացվում։ Այսինքն՝ մեր թաղամասի բնակիչները չեն կարողանում հանգստանալ, որ հաջորդ օրը թարմ ուժերով գնան աշխատանքի։

Գլխացավով արթնանում ենք, գլխացավով՝ քնում, եթե իհարկե, ստացվում է քնելը։ Ես ապրում եմ թոշակառու մորս հետ, որն առողջական խնդիրներ  ունի, թաղամասում շատ տարեցներ և մանկահասակներ կան։ Անհնար է էսպես ապրելը, շաբաթական հինգ օր առավոտից երեկո փոս են փորում, որ 12 հարկանի շենք կառուցեն, ծանր տեխնիկա է աշխատում»,- ասում է Ֆիզգորոդոկի բնակչուհին։

Նրա խոսքով՝ սկզբում շինաշխատանքները սկսում էին առավոտյան 9-ին և ավարտվում՝ 6-ին։ Մի քանի օր է՝ շինաշախատանքները տևում  են մինչև 7-ը։

«Երեկ ինձ ասացին, որ իրենք քաղաքապետարանից թույլտվություն ունեն, որպեսզի շինարարությունը կատարվի մինչև 8-ը։ Պահանջեցի, որ էդ թույլտվության թուղթն ինձ ցույց տան, բայց ցույց չտվեցին։ Ախրանան եկավ ինձ բրդելով, անպատվելով դուրս հանեց, ասելով, որ ես ուրիշի սեփականության տարածքում գտնվելու իրավունք չունեմ։ Երեկ ես նաև զանգել էի Ոստիկանություն, իրենք շինարարությունը ավարտել են յոթն անց հիսուն րոպեին, հինգ րոպե հետո ոստիկանները եկան, արձանագրություն կազմեցին բողոքիս հիման վրա»,- պատմում է Աննա Տանդոյանցը։

Թեև հանգստյան օրերին արգելված է շինաշխատանքներ անելը, սակայն, Ֆիզգորոդոկի բնակչուհու խոսքով, շաբաթ օրերին նույնպես շինարարություն է արվում։

«Էս հարցով էլ ենք դիմել թաղապետարան, քաղաքապետարան, ի պատասխան ասացին, որ հողատարածքի սեփականատեր «Ռատկո» ընկերությունը տեղեկացված է, որ հանգստյան օրերին շինաշախտանքներ չեն կատարվելու։ Այսօր էլ շաբաթ օր է, և հիմա էլ լսվում են շինաշխատանքների ձայները»,- հավելում է Աննա Տանդոյանցը։

Երևանի նոր քաղաքապետը, ըստ Ֆիզգորոդոկի բնակչուհու՝ հարցազրույցներից մեկում ասել է, որ պատրաստ է հանդիպել երկու կողմերի հետ էլ, բայց մինչև այսօր քաղաքապետը չի լսել բնակիչների մտահոգությունները։

Ամռանը Ֆիզգորոդոկի բնակիչները պահանջում էին կասեցնել Ալիխանյան 6/1հասցեում սկսված և իրենց պնդմամբ ապօրինի շինաշխատանքները։ 

Շուրջ 2000 քմ մակերեսով հողատարածքի սեփականատերը «Ռատկո» ընկերությունն է, որը Երևանի քաղաքապետարանից շինթույլտվության իրավունք ստացել է 2021-ի հուլիսին։ ԿԳՄՍ-ն 2021թ-ի փետրվարին «Ֆիզգորոդոկի» տարածքը ճանաչել է որպես նորահայտ հուշարձան, իսկ մայիսին Ալիխանյան 6/1-ի հասցեի հողակտորը հանել է հուշարձանի տարածքից: 

Այստեղ նախատեսվում է բազմաբնակարանային շենք կառուցել, որի նպատակով հատվում են տարածքի երկարամյա բազմաթիվ ծառերը։ Բացի այդ ըստ բնակիչների՝ սահմանափակվելու է մուտքը հարակից շենքեր։

Բնակիչները դիմել էին դատարան՝ վիճարկելու կառուցապատումը. դատարանը վարույթ էր ընդունել հայցը, բայց չէր կասեցրել շինարարությունը: Բնակիչներն ահազանգում էին նաև, որ այդ հողատարածքը անօրինական է սեփականաշնորհվել։ Նրանք քաղաքապետարանից պահանջում էին շինթույլտվության վերաբերյալ փաստաթղթեր, սակայն, քաղաքապետարանը չէր տրամադրում դրանք։

Շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում  ծանր հետևանքների հանգեցնելու հոդվածով։ Գործը նախաքննության փուլում է։