Լրահոս
Հայաստան
12:01
17.08.21
50

Ալիևը Երևանի լուռ պահվածքը թերևս գնահատել է որպես թուլության նշան ու անցել գրոհի. «Հայաստան» դաշինք

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հրապարակել է իրենց խմբակցության հայտարարությունը՝ օրեր առաջ CNN Turk-ին Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված սպառնալից հայտարարությունների վերաբերյալ։

«Ոգևորվելով ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ Ալիևը կոշտացրել է իր դիրքորոշումն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի սահմանագծման ու սահմանազատման հարցերում։ Նա խոսում է դեստրուկտիվ նախապայմանների լեզվով։ Ալիևը ՀՀ-ից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ պետք է ներառվի Լեռնային Ղարաբաղը։ Նա պահանջում է նաև հայկական զորքերի զրոյացում Արցախում ու սպառնում նոր պատերազմով։ Կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայով էլ օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Ալիևն այնքան հեռու է գնացել իր ցանկություններում, որ Մոսկվայից պահանջում է «սեփական պարտության հետ համակերպված» Հայաստանին զենք չմատակարարել։ Ադրբեջանի այս ագրեսիվ վարքագիծը չի բխում նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից։ Ցավոք, պաշտոնական Երևանը դեռ չի պատասխանել Ալիևի հայտարարություններին, ինչն առնվազն տարակուսելի է։ Հուսանք, որ տվյալ դեպքում լռությունը համաձայնության նշան չէ։ Ալիևը Երևանի լուռ պահվածքը թերևս գնահատել է որպես թուլության նշան ու անցել գրոհի։ Ունենք զոհեր, գնդակոծվում են մեր բնակավայրերը։ Սա անթույլատրելի իրավիճակ է։ Մենք խաղաղության ենք ձգտում, բայց ո՛չ մեր արժանապատվության, ազատության ու անկախության գնով», - նշված է «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ։