Լրահոս
Մշակույթ
16:54
01.07.26
38

Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ

Img default alt hy

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել Շիրակի մարզ, որտեղ պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվում են Հառիճ գյուղում գտնվող Հառիճավանք վանական համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու մուտքի վերնամասում գտնվող որմնանկարի  (13-րդ դ.) ամրակայումն ու մաքրումը։

Որմնանկարի գիտանախագծային փաստաթղթերը մշակել և նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի քննարկմանն էր ներկայացրել Իտալիայում բնակվող հայ բարերար Արա Զարյանը: Աշխատանքներն իրականացնում է Իտալիայից ժամանած որմնանկարների վերականգնող մասնագետ Քրիստին Լամուրեն:

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ներկայացուցիչները մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրները տեղում քննարկել են վերականգնող  մասնագետի հետ: Որմնանկարի ամրակայման և մաքրման հաջորդ փուլերի աշխատանքները կներկայացվեն լիազոր մարմնի  համաձայնեցմանը։

Մշտադիտարկվել են նաև պետական բյուջեի միջոցներով Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տանը գտնվող՝ գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի 1970-ական թվականներին իրականացրած «Սասունցիներ» որմնանկարի ամրակայումն ու մաքրումը: ԿԳՄՍ նախարարությունն անվանի գեղանկարչի որմնանկարի վերականգնման աշխատանքները նախաձեռնել է նրա ծննդյան 100-ամյակին ընդառաջ:

Ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտին. դրանք իրականացնում են հայ մասնագետները։