Լրահոս
Հայաստան
18:37
04.08.21
85

Ժամանակի շնչով՝ ֆիկտիվ հանրապետական-դուխով ՔՊ-ականը

Img default alt hy

Ծանոթացեք, սա Գևորգ Պապոյանն է. շատ մոդայիկ, ժամանակի շնչով շարժվող երիտասարդ, բնականաբար՝ մորուքով, դե հասկացաք՝ ՔՊ-ական է: Ավելի վաղ  արված նկարներում դարձյալ՝ Գևորգ Պապոյանն է, բայց դեռ հայտնի ՀՀԿ-ական: Ախր, շատ ոճային տղա է, էհ, քիչ մնաց «ստիլյագա» անվանեմ, բայց չգիտես ինչու մի  հին անեկդոտ հիշեցի, երբ Ռուսաստան գնացած հայ «խոպանչին» տեսնելով ռուս աղջնակին՝ զարմացած բացականչում է. «такая маленькая и уже Наташа»:

Այս «ստիլյագան» իր ընդամենը 34 գարունների ընթացքում հասցրել է արդեն մի քանի կուսակցություն փոխել: 2005-2018 թվականներին անդամակցել է ՀՀԿ-ին, հիշեցնեմ, որ սրանք ճիշտ այն տարիներն էին, երբ Հանրապետական կուսակցությունը պետության ղեկին էր և այսօրվա իշխանությունների որակմամբ՝ «թաթախված էր կոռուպցիայի մեջ»: «Կոռուպցիոն» այդ իրավիճակը, սակայն Պապոյանին մտահոգեց միայն 2018 թվականի հուլիսին, երբ ՀՀԿ-ն այլևս նախկին իշխանություն էր, իսկ ինքը դեռ «ազգընտիր» պատգամավոր չէր ու իշխանության էր եկել «Իմ քայլը»: Պետք էր, չէ՞ ինչ որ կերպ ջնջել ՀՀԿ-ական անցյալը, ուստի սույն երիտասարդը շտապեց հայտարարել, թե ՀՀԿ-ին անդամակցությունը բացառապես կրել է ֆիկտիվ բնույթ։ Բայց կարծեք, թե սա էլ բավարար չէր, 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակում տեղավորվելու համար, ուստի «դուխով» հայտարարեց. «Հպարտությամբ եմ ասում, որ ես ՀՀԿ-ից դուրս եմ եկել այն ժամանակ, երբ բոլորը մտնում էին ՀՀԿ, չեմ էլ թաքցնում, որ մինչև 2012 թվականին համակրել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները»։

Այ, սրանից հետո հարմար տեղավորվեց ՔՊ ցուցակում ու ինչպես դասականը կասեր. «կատարվեց ապուշի երազանքը»՝ դարձավ պատգամավոր: Ճիշտ է, այդ ընթացքում մի քանի չարաճճիություն էլ արեց, ասենք՝ իր անձը գովազդելու համար սեփական դասախոս հորը ներկայացրեց իբրև Քոչարյանի ժամանակ քաղաքական հետապնդումների զոհ, որի կեղծ լինելը շատ կարճ ժամանակում բացահայտվեց, բայց դե, ո՞վ է հիշում, կարևորը՝ ինքը միշտ մոդայի մեջ մնա: