Լրահոս
Հասարակական
23:30
30.05.26
295

«Թող մեր թեմը օրինակ դառնա քրիստոնեական վկայությամբ». Հայր Ռուբենի անդրանիկ հայրական պատգամը

Img default alt hy

Այսօր Մասյացոտն թեմի հոգևորականաց դասը և հավատացյալ ժողովուրդը հանդիսավոր թափորով դիմավորեցին Մասյացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանին։

Սրբազան Հայրը եպիսկոպոսական բարձր աստիճանի է արժանացել մայիսի 24-ին՝ Հոգեգալստյան տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։

Որպես նորաօծ եպիսկոպոս՝ Մասյացոտն թեմում Ռուբեն Սրբազանին դիմավորեցին «Հրաշափառ» շարականի ներքո։ Այնուհետև առաջնորդ Սրբազանի հանդիսապետությամբ և թեմի հոգևորականների մասնակցությամբ կատարվեց միասնական ժամերգություն։

Возможно, это изображение Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии и текст

Արարողության ավարտին Սրբազան Հայրն իր անդրանիկ հայրական պատգամը հղեց ներկաներին՝ անդրադառնալով եպիսկոպոսական ծառայության պատասխանատվությանը, Աստծուն հավատարմորեն ծառայելու կոչմանը և միասնական ու զորեղ հավատքով թեմական կյանքի զարգացման կարևորությանը.

«Հրաշափառ Աստուած եւ միշտ բարեխնամող,

որ յառաջ գիտութեամբ զփրկութիւն Հայաստանեայց սկզբնաւորեալ

ի պարթեւական մեղապարտ ազգէն Լուսաւորիչ մեզ շնորհեցեր...»։

Սիրելի՛ հոգևոր եղբայրներ՝ քահանայք, սարկաւագունք և մանկունք եկեղեցւոյ,

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

Մեր շուրթերին հնչող Սուրբ Ներսես Շնորհալու այս աղոթքը Աստծո և հայ ժողովրդի գրկախառնության աստվածաբանական ամփոփումն է, Հայաստան աշխարհում քրիստոնեական լուսավորության և փրկության խորհրդի արտահայտությունը։

Возможно, это изображение текст

Շնորհալի Հայրապետը պատահականորեն չի գործածում «յառաջ գիտությամբ» արտահայտությունը։ Հայոց դարձը և քրիստոնեական ինքնության ծնունդը Աստծո նախախնամության և կանխագիտության պտուղն են։ Երեմիա մարգարեին ուղղված Տիրոջ խոսքը, թե՝ «Մինչ մորդ որովայնում ձևավորվելդ՝ քեզ ընտրեցի, մինչ մորդ որովայնից լույս աշխարհ գալդ՝ քեզ նվիրագործեցի» (Երեմ. Ա 5), - բացահայտում է մեծագույն մի ճշմարտություն. մեր կյանքը պատահականություն չէ, մեր գոյությունը՝ կույր ճակատագրի արդյունք չէ, մեր կոչումն ու առաքելությունը՝ մարդկային ընտրության հետևանք չեն։ Դրանք Աստծո կամքի արգասիքն են, Նրա ընտրության և նվիրագործման պտուղը։ Մեր հավատի հայր Գրիգոր Լուսավորիչն ընտրվեց Աստծո կողմից՝ դառնալու Հայաստան աշխարհի լուսավորության և փրկության շարժիչ ուժը։ Այսօր մեզնից յուրաքանչյուրը, մեր կոչմամբ ու առաքելությամբ, այդ նույն աստվածային ծրագրի մասնակիցներն ենք։

Խոնարհվելով Աստծո կամքի առջև՝ այս պահին իմ սրտում կրկնում եմ մարգարեի խոսքը. «Ահավասիկ ես, Տե՛ր»՝ իբրև շնորհներիդ անոթ և արքայությանդ մեղապարտ տնտես։ Կամքիդ մեծագույն թարգման, մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, թող իր բարեխոսությամբ և օրինակով հարթի մեր ծառայության ճանապարհը։ Գիտակցում ենք՝ այդ ճանապարհն սկսվում է ոչ թե փառքից, այլ տառապանքից, ոչ թե գահից, այլ խորվիրապյան ապառաժից, ոչ թե հաղթանակից, այլ խաչակրությունից, որը և՛ հարության, և՛ հաղթանակի, և՛ փառքի ուղին է։

Այսօր, կանգնած Արարատի հայացքի ներքո, Մասիսների ոտքերի մոտ, հայոց քրիստոնեական բնօրրանում, գիտակցում ենք, որ պարզապես պատմության ժառանգները չենք, այլ նույն աստվածային առաքելության շարունակողները։ Մասյացոտն սրբազան թեմ եմ մուտք գործում որպես եպիսկոպոս և առաջնորդ՝ խորհրդավոր երկյուղով, բայց նաև Սուրբ Հոգու շնորհած համարձակությամբ։ Մուտք եմ գործում Հայոց Թաբոր լեռան վրա այլակերպված և հայոց ոստանը այլակերպելու հանձնառությամբ՝ հավատալով, որ Եկեղեցու առաքելությունը միայն մարդկանց եկեղեցի բերելը չէ, այլ նրանց կյանքը Քրիստոսով վերափոխելը։

Возможно, это изображение один или несколько человек

Սիրելի՛ քահանա հայրեր,

Աստծո անքննելի կամքով, Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ և հավատացյալ ժողովրդի «Արժանի է» վկայությամբ՝ «դետ» կարգվեցի այս սքանչելի թեմի վրա, իբրև վերատեսուչ, հոգևոր հայր և առաջնորդ։ Օգոստինոս Երանելու՝ «Ձեզ համար եպիսկոպոս եմ, ձեզ հետ՝ քրիստոնյա» հայտնի խոսքը համարձակվում եմ վերաձևակերպել այսպես. «Ձեզ համար եպիսկոպոս եմ, ձեզ հետ՝ հոգևոր եղբայր»։ Մենք կոչված ենք սիրո միության, հաղորդության և հավատարմության։ Լծակից ենք նույն Ավետարանին, լծակից՝ նույն դավանանքին, լծակից՝ նույն Սուրբ Խորհուրդներին, լծակից՝ նույն առաքելությանը։

Եթե հաջողություններ արձանագրենք մեր համատեղ ծառայության մեջ, դրանք ձեր հաղթանակն ու վարձն են։ Եթե թերություններ ու ձախողումներ լինեն, դրանք իմ պատասխանատվությունն են։ Եթե երբևէ սխալներ նկատեք, եղբայրական սիրով շտկե՛ք ինձ։

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ Մասյացոտն թեմի,

Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Մենք Քրիստոսի անուշ բուրմունքն ենք Աստծո առաջ» (Բ Կորնթ. 2։15)։ Ապրում ենք այնպիսի մի աշխարհում, որտեղ հաճախ տարածվում է մեղքի, հուսահատության և մահվան հոտը։ Այդ աշխարհում մեր գոյությունը կոչված է դառնալու կյանքի բուրմունք, մեր հավատը՝ հույսի բուրմունք, մեր ծառայությունը՝ սիրո բուրմունք, մեր զոհողությունը՝ հարության բուրմունք։ Մեր եկեղեցիները, համայնքները և ընտանիքները պիտի բուրեն Քրիստոսի ներկայությամբ։

Возможно, это изображение Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии и текст

Աստվածախոս նույն առաքյալի մեկ այլ խոսքով՝ «Քրիստոս պարգևներ տվեց մարդկանց, որպեսզի ոմանք լինեն առաքյալներ, ոմանք՝ մարգարեներ, ոմանք՝ ավետարանիչներ, ոմանք՝ հովիվներ և ուսուցանողներ, մինչև որ բոլորս հասնենք հավատի և Աստծո Որդու ճանաչման միությանը, կատարյալ մարդ դառնանք՝ հասնելով Քրիստոսի լրության հասակի չափին» (Եփես. 4։13)։ Քրիստոսի հասակին հասնելը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի նպատակն է։ Ինձ համար այդ ճանապարհը պատկերավոր արտահայտվում է հենց մեր թեմի հոգևոր աշխարհագրությամբ՝ Խոր Վիրապի խորությունից մինչև բիբլիական Արարատի բարձրություն։ Այդ աղեղը խորհրդանշում է մարդու հոգևոր ընթացքը՝ Աստծո կամքի խորքերը ճանաչելուց մինչև Նրա սրբությանն ու կատարելությանը հասնելը։

Ուստի մեր տեսլականը պիտի լինի ոչ միայն եկեղեցաշինությունը, այլ մարդաշինությունը, ոչ միայն կառույցների զարգացումը, այլ հոգիների վերափոխումը, ոչ միայն ավանդույթի պահպանումը, այլ կենդանի հավատքի փոխանցումը։

Թող մեր թեմը օրինակ դառնա քրիստոնեական վկայությամբ, հասարակությունը եկեղեցականացնելու ներուժով և Ավետարանի արժեքներով կյանք կառուցելու հանձնառությամբ։

Нет описания фото.

Թող Սուրբ Աստվածածնի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Հայոց Եկեղեցու սրբոց դասի բարեխոսությամբ մեր թեմը բուրի կյանքով, համերաշխությամբ, խաղաղությամբ և հոգևոր ուրախությամբ։

«Թագաւոր երկնաւոր. զեկեղեցի Քո անշարժ պահեա.

եւ զերկրպագուս անուանդ քում պահեա ի խաղաղութեան»։

Возможно, это изображение Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии

Возможно, это изображение Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии и текст