Լրահոս
12:00
27.06.19
255

Սոցիալական այլասերված համակեցություն կամ Տիրոջդ մերը. Աղվան Ասոյան

Img default alt hy

Խոստովանենք, թե ոչ, մենք սիրում ենք մոդա ու նետվում ենք դրա գիրկը, անկախ նրանից՝ դա մեզ հարմար է, թե՝ոչ: 80-ականներին, օրինակ, մոդա էր քաղքենիությունը, որի գլխավոր ապացույցը՝ ռուս գրականությունը՝ ռուսերենով կարդացած լինելն էր: Ու մենք ունեցանք մի սերունդ, նույնիսկ երկու, որոնք գոնե գիտեին այդ հսկա գրականությունը: Ունեցանք իսկապես կիրթ ու գրագետ սերունդ, կրթված չէ, կիրթ: Քաղքենիությունն ինչքան էլ բացասական երևույթ լինի, նման քաղքենիությանը, գոնե ես կողմ եմ:

 90-ականներին միայն մեկ նպատակ կար՝ ողջ մնալ, ամեն գնով: Երևի մոդա էլ կար՝ կռիվ գնալը: Ոմանք լսում էին, որ պատերազմը հերոսանալու տեղն ու ձեւն է ու գնում էին: Այդ ժամանակ մեր մեջ արթնացել էր երեւալու, հերոսանալու՝ վաղուց քնած գենետիկ կոդը: 2000-ականների առաջին 5 տարին տրանսֆորմացիայի ու ադապտացման շրջան էր, ու չկար որևէ կարմիր գիծ, որով կարելի էր բնորոշել հասարակությանը: Ես չեմ հիշում, ներող եղեք. ջահել եմ:

Հետո սկսվեց իրավունքների պաշտպանության փուլը, տեղի, անտեղի, արդարացի, թե մառազմատիկ, ոչ ոք արդեն ուշադրություն չէր դարձնում: Պայքարն այնքան ձեւախեղվեց, որ հասարակությունը մոռացավ սեփական պատասխանատվության չափաբաժնի մասին:

Սրան զուգահեռ աճեց մի տարօրինակ մոդա՝ գիշերը քաղմասում լուսացնել: Եսդ խառնելով՝ մեծ մենքի հետ եւ հանուն եսիդ, անշուշտ: Մենքն ո՞ւմ շունն է: Հատկապես երիտասարդները՝ Սեւակի կամ Գեւարայի շապիկներով, սկսեցին նաեւ շատ կարդալ: Եկավ ժամանակակից գրականության ջատագով, հաճախ հնին մերժող մի սերունդ: Գոնե նրանց ֆեյսբուքյան գրառումներից դա երեւում էր: Բայց երևի չէին կարդում այն, ինչը պետք էր: Այս ընթացքում երևան եկան բազմաթիվ տաղանդավոր գրողներ, չնայած նրանցից քչերի բախտը բերեց: Երեւի ինչպես միշտ: Փոխարենը առավել հայտնի դարձան, օրինակ՝ «Կոխի ինձ, Սմբո՛» վերտառությամբ մտքի գոհարները: Կրեատիվ ու տարբերվող լինելու վիրուսն այնքան արագ տարածվեց, որ իսկապես կրեատիվի, տգետի ու այլասերվածի սահմանները սկսեցին կամաց-կամաց ջնջվել: Ու սա չէր կարող անհետևանք մնալ, իրավունք չուներ: Ու 2018-ից սկսված սկսվեց նոր մոդա՝ քֆուրը, կանացի քֆուրը: Սրա ցրցամը տվել էին դեռ 10 տարի առաջ, ՀՀՇ-ական կանայք, չէ, կներեք, կնանիք: Ցրցամը տվեցին ու քաշվեցին ղրաղ: Ու 2018-ից մինչև օրս էս անտեր «Քաղաքի վրա քֆուր ա կանգնած: Էս քաղաքի վրա քֆուր ա դրած» (Վահրամ Սահակյան՝ «Mea Culpa»): Ես սեքսիստ չեմ, քավ լիցի, բայց հայհոյող կնոջից զզվելի բան չկա: Երբ տղամարդիկ են հայհոյում, կա մի կարմիր գիծ, ենթագիտակցական մակարդակով նստած մի սահման, որը տղամարդիկ երբեք չեն անցնում: Կանայք այդ սահմանը չունեն, չափի՝ միայն տղամարդկանց հատուկ զգացումը նրանց մոտ բացակայում է: Դա խորթ է նրանց: Ու երբ կանայք սկսում են հայհոյել, սոդոմական այլասերվածությունը մանկական խաղ է թվում: Մի անգամ նման մեկնաբանության հանդիպեցի, որ արտասահմանում բոլորն են հայհոյում, ռուսների մասին էլ չասած:

Բայց Ձեր պաշտած հայու գենի մասին պետք է հիշել հենց նման դեպքերում, այլ ոչ թե սեփական տգիտության դեմոնստրացիայի ժամանակ: Իմ ռուսաֆոբ, բայց ռուսներից օրինակ վերցնող հասարակություն: Ռուսերենում հայհոյանքը վաղուց արդեն դարձել է քաղաքային մշակույթ, յուրատեսակ, նույնիսկ եթերային սլենգ: Հայերեն լեզվամտածողության մեջ դա չկա: Հայերեն հայհոյանքները, ձեր դեպքում՝ քֆուրները, օժտված են յուրահատուկ մոգական ուժով: Դրանք նախատեսված են միայն վիրավորելու համար: Որևէ այլ ֆունկցիա հայերեն հայհոյանքը չունի մինչև օրս:

Ու ապրում ենք մենք հայհոյախառը հասարակությունում, որտեղ սիրում են հայհոյելով, ատում են հայհոյելով, պայմանավորվում են հայհոյելով, մեռնում են նորից հայհոյելով: Ու երբ Ձեր երեխան առաջին անգամ կփորձի խոսել՝ չզարմանաք:

Երեխան մորն է քաշել: