Լրահոս
Միջազգային
11:30
30.05.26
298

Քաղաքական «խմորումներ»՝ Գերմանիայում. Մերցի ապագան՝ հարցականի տակ

Img default alt hy

Եվրամիության առաջատար վերազգային կուսակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ, ՔՍՄ փոխնախագահ Մանֆրեդ Վեբերը սատարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին (ՔԴՄ)՝ նրան փոխարինելու հնարավորության մասին լուրերի ֆոնին։ Նա վստահություն է հայտնել, որ Գերմանիայի գործող կառավարությունը կպահպանի իշխանությունը ողջ օրենսդիր ժամկետի ընթացքում։

«Եվրոպական մակարդակում Ֆրիդրիխ Մերցը ամուր դիրքեր է զբաղեցնում։ Նա ձևավորում է քննարկումների օրակարգը, բայց միևնույն ժամանակ կարողանում է լսել», - «Funke» մեդիախմբին տված հարցազրույցում ասել է Վեբերը։ Ընդ որում, նա հանդես է եկել կոնկրետ անձանց շուրջ վեճերի դեմ։ «Այժմ խոսքը կադրային քննարկումների մասին չէ։ Խոսքը ապագայի համար ճիշտ բովանդակային ուղեգիծ որոշելու մասին է», - պնդել է քաղաքական գործիչը։

Վեբերը վստահություն է հայտնել, որ Գերմանիայի իշխող կոալիցիան, որը բաղկացած է ՔԴՄ/ՔՍՄ դաշինքից և ՍԴՀԿ-ից, կաշխատի լիարժեք չորս տարի։ «Այն, որ գործընկերների միջև երբեմն տարաձայնություններ են առաջանում, քաղաքական գործընթացի նորմալ մասն է։ Բայց ՔԴՄ/ՔՍՄ և ՍԴՀԿ կազմով կոալիցիան կկատարի երկիրը կառավարելու իր մանդատը, դրանում ես ոչ մի կասկած չունեմ», - եզրափակել է նա։

Ավելի վաղ «Bild» թերթը հայտնել էր, որ ՔԴՄ-ի ղեկավար շրջանակներում քննարկվում է կանցլերի պաշտոնում Մերցին փոխարինելու սցենարը։ Ըստ պարբերականի տեղեկությունների՝ այդ հնարավորության մասին խոսում են ինչպես ՔԴՄ-ի ղեկավար մարմինների անդամները, այնպես էլ կուսակցության հայտնի գործիչները։ Մերցին փոխարինելու հնարավոր թեկնածուների թվում քննարկվում են Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի վարչապետ Հենդրիկ Վյուստը, որը համարվում է ֆավորիտ, ինչպես նաև Հեսսենի վարչապետ Բորիս Ռեյնը և Սաքսոնիայի վարչապետ Միխայել Կրեչմերը։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում, ինչպես ընդգծում էր «Bild»-ը, նույնպես չեն բացառում կանցլերին փոխարինելու սցենարը։

Վյուստը ինքը հետագայում հերքեց Մերցին փոխարինելու հնարավորության մասին շահարկումները և հայտարարեց կառավարության գործող ղեկավարին լիակատար աջակցություն ցուցաբերելու մասին։ Առաջիկա երկուշաբթի Վյուստը և Մերցը կմասնակցեն փակ նիստի՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի ՔԴՄ-ի հրավերով՝ Մեշեդե քաղաքում։

Ներկայումս Մերցը գերմանացի առաջատար քաղաքական գործիչների ժողովրդականության վարկանիշում զբաղեցնում է վերջին տեղը, իսկ նրա ղեկավարած ՔԴՄ-ն յոթ տոկոսային կետով զիջում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը։ Գերմանիայի իշխող կոալիցիային առայժմ չի հաջողվում հաջողության հասնել խոստացված առանցքային բարեփոխումների իրականացման գործում՝ երկրում տիրող տնտեսական ճգնաժամի ֆոնին։