Լրահոս
Հայաստան
21:30
06.08.21
50

Պայթյունի ձայն է լսվել. Թշնամին կրակել է Երասխի դիրքերի վրա

Թշնամին հրե գնդեր է նետել հայ-ադրբեջանական սահմանի՝ Երասխի ուղղությամբ: Համացանցում հայտնված սկանդալային տեսանյութը պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել:

Նախ հայտնել են, որ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից է կրակել թշնամին, «հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։ Հայկական կողմը հակազդման և կրակը լռեցնելու գործողություններ է արել», ավելի ուշ՝ պաշտպանական գերատեսչությունը գրել է, թե «18։00-ի դրությամբ իրադրությունը կայունացել է, բռնկված հրդեհը մարվել, հայկական կողմից տուժածներ չկան»։ Բնակիչները իմ գործընկերոջը պատմել են, որ կրակահերթից առաջ պայթյունի ձայն են լսել, ենթադրել, որ ադրբեջանցիները փոխել են զենքի տրամաչափը: Իրավիճակը լարված է նաև Սյունիքում: Շուռնուխի գյուղապետը Հայլուրի հետ զրույցում հայտնել է, որ թշնամին նոր դիրքեր է ավելացնում, ինժեներական աշխատանքներ անում:

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը կոլեգիայի նիստում երեկ էր շատ խիստ հրամայել անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որ կփորձեն հատել Հայաստանի սահմանը: Նախարարի հրամանը հետադարձ ուժ ունի՞, թե՞՝ ոչ հայտնի չէ: Մայիսի 12-ից է ադրբեջանական զինուժը զավթել Հայաստանի սուվերեն տարածքի սահմանային որոշ մասեր Գեղարքունիքում և Սյունիքում:

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը ուշացած է համարում կրակելու հրամանը: Ինքը տեղեկություն ունի, որ ամիսներ շարունակ հայ սահմանապահին չկրակելու՛ հրահանգ է տրված եղել: