Լրահոս
Քաղաքական
17:23
29.05.26
521

Իմ լեզվի սայթաքումը, ի տարբերություն նիկոլականների մեղքերի, ոչ մի մարդու կյանք չեն արժեցել. Արթուր Խաչատրյան

Img default alt hy

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հանդպես է եկել տեսաուղերձով, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր առավոտից նիկոլականները շրջանառում են մոտ մեկ շաբաթ առաջ «Ռեստարտ» նախաձեռնության շրջանակներում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ իմ արտահայտած մի միտք, ի՞նչ էր իմ մտքի իմաստը, որ 2018 թվականին հույսով լեցուն երիտասարդները հեղափոխություն իրականացրին՝ հավատալով Նիկոլ Փաշինյանին, հավատալով, որ իրենց ավելի լավ ապագա է սպասվում։

Այսօր Նիկոլ Փաշինյանին հիմնականում աջակցում են սոցիալապես խոցելի մեր հայրենակիցները։ Ինչո՞ւ՝ որովհետև իրենք կախվածություն ունեն Նիկոլ Փաշինյանից։ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը գիտակցաբար մարդկանց պահում են աղքատ  վիճակում, որպեսզի կառավարելի լինեն։ Հիշո՞ւմ եք՝ տարեսկզբին ասում էր՝ «10 հազար դրամ թոշակ տամ, որ ի՞նչ, ինչպե՞ս են ծախսելու, հենա էնքան թոշակ ունեն, որ կարող են երկու անգամ թռնել Կիպրոս, հետ գալ»։ 

Բայց հենց մեր ճնշման արդյունքում կենսաթոշակները բարձրացվեցին։  Իմ գործունեությունը հրապարակային է եղել և բոլորը տեսել են, որ սոցիալական արդարության խնդիրները աղքատության դեմ պայքարի հարցը միշտ եղել են իմ ուշադրության կենտրոնում։

Սիրելի՛ հայրենակիցներ, ես հասկանում եմ, որ իմ այս լեզվի սայթաքումը մեր հայրենակիցների համար վիրավորական կարող է լինել և ես անկեղծ ներողություն եմ խնդրում դրա համար։ Բայց իմ լեզվի սայթաքումը, ի տարբերություն նիկոլականների մեղքերի, ոչ մի մարդու կյանք չեն արժեցել, հազարավոր երիտասարդներ չեն զոհվել իրենց քաղաքական սայթաքումների հետևանքով։ Հազարավոր մեր հայրենակիցներ չեն մահացել քովիդի՝ արաղով բուժելու արդյունքում։ Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ չեն տնազրկվել, գաղթական չեն դարձել, ցեղասպանության չեն ենթարկվել անկախ պետականության պայմաններում։

Եվս մեկ անգամ եմ ուզում նշել՝ ես որևէ մեկին վիրավորելու ցանկություն երբեք չեմ ունեցել․․․․»

Մանրամասները՝ տեսանյութում։