Լրահոս
Միջազգային
23:56
28.05.26
329

Հունգարիան մերժում է Ուկրաինային զենքի մատակարարումը

Img default alt hy

Հունգարիան ՆԱՏՕ-ին տեղեկացրել է, որ շարունակում է մերժել Ուկրաինային սպառազինություն և ռազմական տեխնիկա մատակարարելը։ Այս մասին հայտնել է Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը՝ Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման արդյունքներով։

«Ես գլխավոր քարտուղարին տեղեկացրի, որ Հունգարիան ոչ սպառազինություն, ոչ էլ ռազմական տեխնիկա չի մատակարարելու ռուս-ուկրաինական հակամարտության գոտի»,- գրել է Մադյարը Facebook-ում։

Այսպիսով, նա ևս մեկ անգամ հաստատեց, որ այս հարցում հավատարիմ է մնալու նույն դիրքորոշմանը, ինչ Վիկտոր Օրբանի գլխավորած նախորդ կառավարությունը։ Ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իր «Տիսա» կուսակցության հաղթանակից հետո Մադյարն արդեն հայտարարել էր, որ Հունգարիայի նոր իշխանությունները մտադիր չեն ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։

Միաժամանակ, Մադյարը Ռյուտեին հավաստիացրել է, որ «Հունգարիան կրկին դառնալու է աշխարհի ամենահզոր ռազմապաշտպանական դաշինքի վստահելի գործընկերը»։ Ընդ որում՝ նրանք համակարծիք են եղել, որ «հունգարացի զինծառայողները գերազանց աշխատանք են կատարում Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում»։

«Մարկ Ռյուտեն ինձ տեղեկացրեց հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների և Հորմուզի նեղուցում ծագած միջազգային հակամարտության մանրամասների մասին»,- հավելել է Հունգարիայի վարչապետը։