Լրահոս
Առողջապահական
17:31
02.02.22
96

Եթե պետությունը որոշել է արգելքներով կանխել կորոնավիրուսի տարածումը, ուրեմն պետք է ամեն ինչ համարյա լոքդաունի մակարդակի արվեր. մասնագետ

Img default alt hy

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը շարունակում է իր հաղթարշավը և, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամեն օր ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են դրանով վարակվում։

Նոր շտամով վարակելիության արագության, ինչպես նաև կրկնավարակման և այլ հարցերի շուրջ «Aysor.am»-ի թղթակիցը զրուցել է հանրային առողջության մասնագետ Դավիթ Պետրոսյանի հետ։

Մասնագետը նախ հիշեցրել է, որ «Օմիկրոն» շտամով վարակելիությունը մի քանի անգամ ավելի բարձր է, քան «Դելտա» շտամով վարակելիությունը։ Ընդ որում, կորոնավիրուսի նոր շտամով հաճախ վարակվում են նաև պատվաստված անձինք։

«Մյուս կողմից, «Օմիկրոն»-ը կորոնավիրուսի մի փոքր ավելի թեթև տեսակն է։ Մի քանի օր առաջ «Սուրբ Գրիոր Լուսավորիչ» ԲԿ-ում էի, խոսեցի ընդունարանի բժշկի հետ, ով ասաց, որ կորոնավիրուսի վերջին ալիքը, կարծես, վերակենդանացման միջոցառումներ ավելի քիչ է պահանջում։ Համապատասխանաբար, ծայրահեղ ծանր հիվանդների և մահացության թիվն ավելի փոքր է։ Շատ վարակվածներ նշում են, որ իրենց մոտ ընդամենը հարբուխանման երևույթներ և ջերմություն է նկատվում»,- ասել է Դավիթ Պետրոսյանը։

Հանրային առողջության մասնագետի խոսքով՝ դեռ վաղ է փաստական տվյալներ ներկայացնել, թե որքան մեծ է «Օմիկրոն» շտամով կրկնակի վարակվելու հավանականությունը։ Հստակ վիճակագրություն ներկայացնելու համար, ըստ նրա, որոշ ժամանակ է պետք, մինչև մարդիկ կվարակվեն, լիովին կապաքինվեն և հնարավոր է՝ նորից վարակվեն։

Ինչ վերաբերում է ուժի մեջ մտած տարատեսակ սահմանափակումներին՝ հնարավորինս կանխելու կորոնավիրուսի տարածումը, Պետրոսյանը դրանք ոչ այնքան արդյունավետ է որակել։

«Այն չափով, ինչ չափով սահմանափակումները մեզ մոտ կիրառվեցին, դժվար թե լուրջ արդյունք տան, որովեհտեև, եթե պետությունը որոշել է արգելքներով կանխել վիրուսի տարածումը, ուրեմն պետք է ամեն ինչ ավելի խիստ՝ համարյա լոքդաունի մակարդակի արվեր։ Բայց, եթե որոշ տեղերում պատվաստված լինելու սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ են պահանջում, ապա, օրինակ, տրանսպորտում մարդիկ նույնիսկ դիմակ չեն կրում։

Ուրեմն ստացվում է, որ սահմանափակումներն ինչ-որ տեղ թերի են, և մեծ արդյունքներ դժվար է սպասել»,- ասել է Դավիթ Պետրոսյանը՝ շեշտելով, որ ամենաարդյունավետ պաշտպանությունը շարունակում է մնալ կորոնավիրուսի դեմ պատվաստումը։