Լրահոս
Հասարակական
12:52
03.02.22
154

Երևանում պատանիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Img default alt hy

Երևանում` Թբիլիսյան խճուղու հարակից տարածքում, մի խումբ պատանիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել երեկ`փետրվարի 2-ին։

Ըստ հաղորդագրության` ժամը 14.55-ին, ոստիկանության Արաբկիրի բաժինը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա մի պատանի։ Րոպեներ անց ևս մեկ ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա մեկ այլ պատանի։

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 13.40-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղու հարակից տարածքում մի խումբ պատանիների մասնակցությամբ վիճաբանություն է եղել։ Ծեծկռտուքի ընթացքում 15-ամյա պատանին դանակով հարվածել է տուժածներին: Վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզվել է, նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է։