Լրահոս
10:22
29.06.19
94

Անհրաշք. Հովիկ Աֆյան

Img default alt hy

Աշխարհում շուրջ 8 միլիարդ հրաշալիք կա: Դրանցից մեկը գտնվում էր հսկա քաղաքի ծայրամասում, այնտեղ, որտեղ ծառեր կան, ոչ թե որովհետեւ նրանց աճեցնում են, որպեսզի շնչելու օդ լինի, այլ քանի որ իրենք միշտ են այնտեղ աճել: Առանձնապես հրաշալիքի տեսք չուներ: Չորս սեղան, ութ աթոռ, որոնցից մեկի ոտքը կարճ էր ու փոքր քարը փրկում էր մեծ մարդկանց, որ չհայտնվեն գետնին: Փոքրիկ սրճարան էր, անունը՝ Հրաշք: Շատ հաճախորդ չուներ: Հրաշալի սուտ է, որ հրաշքը մարդկանց հետաքրքրում է: Հայտնիներից ոչ մեկն այնտեղ չէր գնում, ոչ էլ հայտնի դառնալ ցանկացողները: Չորս սեղանի շուրջ միաժամանակ երբեք նստած չէին լինում...

Բայց հավատարիմ հաճախորդներ կային: Ցերեկները՝ քաղաքի այդ մասի հարբեցողները, գիշերները՝ հարբել սովորողները եւ նրանք՝ իրար ձեռք բռնած: Տղան կապույտ աչքեր ուներ, աղջիկն՝ ավելի: Առանձին-առանձին սիրուն չէին, միասին՝ աննման: Խմում էին: Երբեմն սուրճ: Թվում էր, որ չեն խոսում իրար հետ, սա մինչեւ այն պահը, երբ հասկանում էիր, որ սիրելն իրար հետ խոսելը չէ: Համբուրվում էին միայն այդտեղ, որովհետեւ հարբեցողներն ամեն ինչ տեսնում են, բայց հետո ոչինչ չեն հիշում: Հետո գնում էին: Այս երկուսը լուսաբացը հետաձգելու հույս ունեին: Որոշ գիշերներ՝ նույնիսկ վճռականություն:

Բայց այդ երեկո ամեն ինչ փոխվեց: Երեւի օղին լավը չէր, կամ խմել սովորողներից մեկն իրեն այլեւս ուստա էր զգում՝ մի քանի լիտրից հետո: Դանակը հանեց ու...Կարմրեց ամեն ինչ: Երբ ամեն օր հարբում ես ոչ մեռնելդ ես զգում, ոչ էլ սպանելդ: Այսպես հինգ մարդ չզգաց: Տղան ու աղջիկը փախան. սերն ու մահը անհամատեղելի են, չնայած երկուսի գույնն էլ կարմիրն է:

Երբ ոստիկանությունը բերման ենթարկեց հսկա քաղաքի բոլոր հարբեցողներին՝ չկարեւորելով, թե ինչով են մարդիկ հարբած, այդ թվում նրանց, որոնք եթե չհարբեն ոչ ոք չի իմանա, որ սերը մոռացված առասպել է, որ նույնիսկ կրքերը մաշվում են, որ երբեմն հաղթում ես, երբ իջեցնում ես դրոշդ՝ Հպարտություն կոչվող նավից...Քաղաքապետարանի հատուկ նիստ հրավիրեցին՝ քննարկելու ծայրամասի փոքրիկ սրճարանում տեղի ունեցած հանցագործությունը: Հանցագործությունը միշտ ավելի հանրահայտ է սիրուց: Միաձայն որոշվեց, որ սրճարանը, որը Հրաշք էր կոչվում, պետք է փակվի, քանի որ երբ երկրում մարդիկ երջանիկ են, սպանությունն աններելի է, դրա վայրը՝ պիղծ:

Հրաշքը փակվեց: Տղան ու աղջիկը համբուրվելու տեղ չունեին:

Աշխարհում շուրջ ութ միլիարդ հրաշալիք կա: Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների՝ աշխարհում այսօր շուրջ ութ միլիարդ մարդ է ապրում: