Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:21
11.07.19
103

Մինսկում կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը. ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել ելույթով

Img default alt hy

Մինսկում այսօր կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 
նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած 
պատվիրակությունը:

  Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ակտիվների վերադարձման 
ոլորտում միջազգային համագործակցության, այդ համատեքստում մասնակից 
երկրների օրենսդրությունները ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 5-րդ՝ 
«Ակտիվների վերադարձման միջոցների մասին» գլխի ներքո նախատեսված նորմերին 
համապատասխանեցնելու գործընթացին վերաբերող հարցեր: Որոշվել է մասնակից 
երկրների միջև շարունակել այս ուղղությամբ տեղեկատվության ակտիվ 
փոխանակումը՝ շեշտադրումը կատարելով հատկապես ակտիվների վերադարձման 
ոլորտում իրավական փոխօգնության պրակտիկայի բարելավման և արդյունավետության 
բարձրացման կառուցակարգերի վրա:

  Նիստի ընթացքում մասնակից երկրների պատվիրակություններն ներկայացրել են 
կոռուպցիայի հակազդման սեփական փորձը: Այդ շրջանակներում ՀՀ գլխավոր 
դատախազը հանդես է եկել անցած տարվա ընթացքում Հայաստանում կոռուպցիայի դեմ 
պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված ինստիտուցիոնալ 
բարեփոխումների ռազմավարական առաջնահերթություններին ու հետապնդած 
խնդիրներին, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, պատճառված 
վնասների վերակագնման ոլորտներում հիմնական արդյունքներին վերաբերող 
ելույթով:

  Արթուր Դավթյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանում մեկնարկած 
հակակոռուպցիոն բարեփոխումներն ունեն քննություն բռնելու և երկրի ընդհանուր 
զարգացման, ժողովրդավարացման, պետական կառավարման համակարգի 
թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության մակարդակի կտրուկ 
բարձրացման լիարժեք մեկնարկային նախադրյալներ, քանի որ դրանք հիմնված են 
դրսևորվող քաղաքական կամքի, հասարակության լիարժեք օժանդակության, իրավապահ 
մարմինների պրոֆեսիոնալիզմի և վճռականության, ինչպես նաև ավելի վաղ 
կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ինստիտուցիոնալ մի շարք կառուցակարգերի՝ 
մասնավորապես ապօրինի հարստացումը քրեականացնելու, հայտարարագիր 
ներկայացնող և նրանց փոխկապակցված անձանց շրջանակներն ընդլայնելու 
իրավական հիմքերի ստեղծման, ազդարարի ինստիտուտի ներդրման վրա: Ըստ գլխավոր 
դատախազի՝ այս բազայի հենքին Հայաստանը ներկայումս հակակոռուպցիոն պայքարի 
արդյունավետության բարձրացումը տեսնում է հանցավոր ծագում ունեցող գույքի 
բռնագրավման, երկրից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու և 
օրինական տիրապետողին հանձնելու իրավական մեխանիզմների կատարելագործման, 
հակակոռուպցիոն կենտրոնացված մոդելի ստեղծման և այլ կոնցեպտուալ 
ուղղություններով: «Մեր կողմից այս կառուցակարգերի ներդրման հարցում 
դրսևորվում է ընդգծված զգուշավորություն, քանի որ առկա է շատ հստակ 
նախապայման՝ գտնել այնպիսի լուծումներ, որոնք լիարժեքորեն կերաշխավորեն մի 
կողմից սեփականության անձեռնմխելիության և մարդու սեփականության իրավունքի 
պաշտպանության, իսկ մյուս կողմից սոցիալական արդարության վերականգնման 
հանրային շահի բավարարման հավասարակշռությունը»,-հավելել է Արթուր 
Դավթյանը:

  Փոխըմբռնման, վստահության և կառուցողական երխոսության ոգով անցկացված 
Խորհրդի նիստի ընթացքում ընդհանուր առմամբ ընդունվել է 10 որոշում, որոնք 
վերաբերում են ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կողմից 
ընդունված նախկին որոշումների, հակակոռուպցիոն պայքարում Միջպետական 
խորհրդի մասնակից երկրների համագործակցության կոնցեպցիայի իրականացման 
արդյունքներին, ինչպես նաև հանցավորության դեմ համատեղ միջոցների 
2019-2023թթ. միջպետական ծրագրով առաջիկա մեկ տարվա համար նախատեսված 
միջոցառումներին: Մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներն 
արդյունավետ են գնահատել նախորդ տարի անցկացված «Միասին ընդդեմ 
կոռուպցիայի» միջազգային երիտասարդական հակակոռուպցիոն մրցույթը, ինչից 
ելնելով որոշվել է այս տարի ևս նման միջոցառում անցկացնել:

  Բարձր գնահատելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախագահությամբ 
նախորդ տարվա ընթացքում Միջպետական խորհրդի գործունեության դինամիկան և 
արդյունավետությունը՝ նիստի ընթացքում սահմանված կարգով նախագահությունը 
փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը:

  Որոշվել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հաջորդ տարվա 
նիստն անցկացնել Ղազախստանի Հանրապետությունում:

  Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արթուր Դավթյանը նաև 
երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական 
խորհրդի անդամ առանձին երկրների պատվիրակությունների ղեկավարների, գլխավոր 
դատախազների հետ, որոնց ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության և 
այլ ոլորտներում երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանն 
առնչվող հարցեր: