Լրահոս
Հասարակական
13:18
18.07.26
88

Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու տեղական առանձնահատկությունները․ Լևոն Ազիզյան

Img default alt hy

Վերջին օրերին հաճախ ենք արձանագրում դեպքեր, երբ տարբեր բջջային եղանակային հավելվածներ, հատկապես Հայաստանի լեռնային և տուրիստական գոտիների համար, կանխատեսում են անձրև, մինչդեռ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումներով տվյալ տարածքներում տեղումներ չեն սպասվում։ Այս մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի Ֆեյսբուքի գրառման մեջ:

«Այս տարբերությունները պայմանավորված են նրանով, որ եղանակային հավելվածների մեծ մասը հիմնվում է գլոբալ կանխատեսման մոդելների վրա և չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու տեղական առանձնահատկությունները։

Հայաստանի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումները կազմվում են օդերևութաբանական կայանների դիտարկումների, արբանյակային դիտարկումների բարձր լուծաչափով տարածաշրջանային մոդելների, և օդերևութաբանների մասնագիտական վերլուծության հիման վրա, ինչը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ կանխատեսել սպասվող եղանակային պայմանները։

Եթե ծրագրում եք այցելել հանգստի վայրեր, լեռնային կամ զբոսաշրջային գոտիներ, խորհուրդ ենք տալիս առաջնորդվել ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական կանխատեսումներով։

Կանխատեսումներին կարող եք հետևել ArmHydromet բջջային հավելվածում, ինչպես նաև պաշտոնական կայքում՝ meteomonitoring.am»: