Լրահոս
21:38
08.07.19
194

Բռնաբարություն 2 գործողությամբ. Աղվան Ասոյան

Img default alt hy

Կան գործազուրկ մարդիկ, կան անաշխատունակ մարդիկ ու կան անմեղսունակներ: Չգիտեմ՝ որն է գերակշռում մեր հասարակությունում, բայց մի բան գիտեմ հաստատ՝ վերջին կատեգորիան օժտված է հասարակական կարծիքի վրա ազդելու ու մեծամասնությանն իր հետևից տանելու մոգական ուժով:

Պարզվեց ինքնակամ սեքս Հայաստանում չկա, բոլորը բոլորին բռնաբարում են, անկախ սեռից, տարիքից ու սոցիալական կարգավիճակից: Չէ, ես չեմ ասում, որ մեր հասարակությունում չկան բռնաբարողներ ու մանկապիղծներ, առավել ևս, որ ամենաշատն եմ խոսում հենց հասարակությունում առկա աբորիգենների ու նրանց մեծ քանակության մասին: Սակայն այս անանուն՝ հիմնականում երրորդ դեմքով ֆլեշմոբը, որից գուցե եւ օգտվի գեղարվեստից եւ առհասարակ մերկ ֆիլմերի ինչ-որ անմուսա ռեժիսոր,  որևէ աղերս անգամ չունի հասարակությունում սեռական բռնությունները կանխելու կամ հասարակությանն ավելի առողջ դարձնելու հետ: Եթե նույնիսկ փողոցում, Գասպարիի օրինակով, պառկեք տաք ասֆալտին, միևնույնն է, լռողը լռելու է: Այստեղ, գոնե ինձ համար, մի քանի փաստ ուղղակի չի բռնում, անտրամաբանական է: Տեսեք, Հետքը հրապարակեց մի չեխ կամավորականի պատմություն, որից հետո, երկու անհամատեղելի ու իրար հակասող մասնագիտությունների տեր, լրագրող-ակտիվիստ Լյուսի Քոչարյանն այն կիսվեց իր ֆեյսբուքյան էջում: Սա ազդանշան էր շուրջ 200 բռնաբարվածի համար, որպեսզի իրենց պատմություններով կիսվեին Լյուսի Քոչարյանի հետ: Չկար որևէ ակցիա, որևէ կոչ, որևէ նախաձեռնություն, որով այդ պահին հանդես եկած լիներ Լյուսի Քոչարյանը: Ու պարզապես նման հոդվածով կիսվելու փաստը, ինձ դեռ չի համոզում, որ մեկը մյուսի հետ կապ չունեցող 200 մարդ, որոնց ինչ որ ժամանակ բռնաբարել են, որոշում են իրենց պատմություններով կիսվել Լյուսի Քոչարյանի հետ: Ըստ լրագրողի, բոլորը իրեն անծանոթ մարդիկ էին, այսինքն մարդն ամաչում է իր պատմությունը պատմել ոստիկաններին, որոնք կարող են օգնել նրան, սակայն պատմում է բոլորովին անծանոթ Լյուսի Քոչարյանի՞ն: Հանուն ինչի՞: Ու ցանկացած սառը դատող մեկը, երբ փորձում է որևէ անհամապատասխանություն գտնել այս պատմության մեջ, վերագրում են աշխարհի բոլոր ժամանակների ու բոլոր ժողովուրդների ամենասարսափելի մեղքերը: Միայն նրա համար, որ Ձեզ չեն հավատու՞մ: Անգամ Աստծուն չհավատալու համար մարդկանց նման կերպ չեն պախարակում: Ու այս պատմությունից ընդամենը երկու օր անց փոխարտգործնախարարը հայտարարում է, որ պատրաստվում են ընդունել Ստամբուլյան կոնվենցիան: Լու՞րջ տղերք: Գուցե սա պատահականություն է, չգիտեմ, բայց վերջին շրջանում մի քիչ շատ չե՞ն այդ պատահականությունները: Հետո էլ պետք է վստահությունի՞ց խոսեք: Մի քիչ շատ չե՞ն հարցեր առաջանում Ձեր գործողություններից ու գործելաոճից: Ես ձեզ չեմ հավատում, եղբայր, կներեք: Բռնաբարվածը, մանավանդ Հայաստանում, հատկապես՝ խուլ գյուղերում, դժվարությամբ է պատմում իր հետ կատարվածը, եթե պատմում է: Մի քանի օրում այդպիսի 200 մարդ գտնելն ու մեկտեղելը՝ ի տարբերություն բռնաբարության, լուրջ չէ:

 

 Այնպես որ, իմ կարծիքով՝ պատմությունները հորինված են,  լավ բեմադրված ներկայացում՝ 2 գործողությամբ: Վերջ առաջին մասին: Անտրակտ: Մաս երկրորդ՝ Ստամբուլյան կոնվենցիա: