Լրահոս
Իրավական
12:01
05.08.19
79

Տարիներ շարունակ մի քանի մարմինների ներգրավմամբ իրականացված ապօրինություններով պետական սեփականություն հանդիսացող Բերդավանի պոմպակայանը դարձվել է մասնավոր սեփականություն. հարուցվել է քրեական գործ

Img default alt hy

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 
իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1999թ. կառուցված Բերդավանի 
խմելու ջրի պոմպակայանը միացվել է Նոյեմբերյան քաղաքի և Բերդավան գյուղի 
գոյություն ունեցող ջրմուղներին` 29 մլն. 649 հազ. դրամ մնացորդային 
արժեքով և հաշվառվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռում:

  Սակայն հետագայում իրականացված մի քանի գործողությունների արդյունքում 
պետական բյուջեի միջոցներով կառուցված` 29 մլն. 649 հազ. դրամ մնացորդային 
արժեքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հաշվեկշռում հաշվառված, Նոյեմբերյան քաղաքի 
և Բերդավան գյուղի խմելու ջրի մատակարարումն ապահովող պոմպակայանը, դրա 
շինություններով և գույքով հանդերձ, ՍՊԸ-ի սեփականության իրավունքի 
գրանցման 23.12.2009թ. վկայականում նշվել է որպես ինքնակամ շինություն:

  Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Նոյեմբերյանի տարածաշրջանում, այդ 
թվում Բերդավան համայնքում ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի 
բարելավման ներդրումային ծրագրերի շրջանակներում նույն պոմպակայանի վրա 
կատարվել են շինարարական աշխատանքներ, որի ծախսը կազմել է ընդհանուր 86 
մլն. 885 հազ. դրամ: Դրանից 82մլն. դրամի շինմոնտաժային աշխատանքների 
շինարարության շահագործման վերաբերյալ Բերդավան և Կողբ համայնքների 
ղեկավարների կողմից 2011թ. օգոստոսին ստորագրվել են փաստագրման ակտեր:

  Պարզվել է նաև, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 
մերժվել է «Բերդավանի» պոմպակայանի սեփականության իրավունքները գրանցելու 
պահանջներով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի 14.10.2013թ. դիմումը, ինչի 
կապակցությամբ վերջինս դիմել է ՀՀ վարչական դատարան, սակայն հետագայում նոր 
քննության փուլում առանց հիմնավորումների հրաժարվել է հայցապահանջից:

  Նշված վարչական գործի քննությանը զուգահեռ՝ 24.09.2015թ. ընդդեմ 
«Հայջրմուղկոյուղի», հետագայում նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և ՀՀ ջրային 
տնտեսության պետական կոմիտեի (նախկին անվանումը) դատարան է դիմել 
վերոնշյալ ՍՊԸ-ն՝ խնդրելով ՓԲԸ-ին վտարել իրեն սեփականության իրավունքով 
պատկանող հողամասից:

  ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն, պոմպակայանի, որպես ինքնակամ 
շինություն կադաստրի գրանցումները վիճարկելու և դրանք անվավեր ճանաչելու 
ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն 08.09.2017թ.-ին քաղաքացիական 
գործի շրջանակներում հակընդդեմ հայց է հարուցել` ընդամենը խնդրելով 
պոմպակայանի համար սահմանել անվճար մշտական սերվիտուտ։

  ՀՀ կառավարության 06.04.2017թ. որոշմամբ պետական սեփականություն 
հանդիսացող գույքը՝ Բերդավանի պոմպակայանը, վարձակալության իրավունքով 
հանձնվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին: Չնայած այդ հանգամանքին՝ Կողբ համայնքի 
ղեկավարը 2018թ. նոյեմբերի 12-ի որոշմամբ օրինական է ճանաչել ՍՊԸ-ին 
պատկանող հողամասի վրա որպես ինքնակամ կառույց նշված պոմպակայանն իր 
շինություններով: Այդ և մյուս ինքնակամ կառույցները օրինականացնելու դիմաց 
ՍՊԸ-ն վճարել է 200.600 ՀՀ դրամ և 2018թ. նոյեմբերին գրանցել իր 
սեփականության իրավունքը:

  Այսպիսով, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատու պաշտոնատար 
անձինք պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` 
2015-2019թթ. ընթացքում որևէ գործուն միջոց չեն ձեռնարկել պոմպակայանի, 
որպես ինքնակամ շինության, կադաստրի գրանցումները վիճարկելու, դրանք 
անվավեր ճանաչելու ուղղությամբ: Իսկ Կողբ համայնքի ղեկավարը, չարաշահելով 
պաշտոնեական դիրքը, 2011թ. օգոստոսի 1-ին ստորագրելով Բերդավանի 
պոմպակայանում 82 մլն. 083 հազ. դրամի շինմոնտաժային աշխատանքների ավարտման 
վերաբերյալ շինարարության շահագործման փաստագրման ակտը, այսինքն տեղյակ 
լինելով դրա ինքնակամ կառույց չլինելու մասին` 12.11.2018թ. որոշմամբ այն, 
որպես ՍՊԸ-ին պատկանող հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույց, ճանաչել է 
օրինական: Դրա հետևանքով պետական բյուջեի միջոցներով կառուցված` 29 մլն. 
649 հազ. դրամ մնացորդային արժեքով, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հաշվեկշռում 
հաշվառված պոմպակայանը, ճանաչվել է որպես ՍՊԸ-ի սեփականություն՝ պետության 
համար առաջացնելով ծանր հետևանքներ:

  Բացի այդ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պատասխանատու ծառայողներն իրենց 
կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ 
և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելով՝ 2016թ.-ին առանց հիմքերի 
հրաժարվել են Բերդավանի պոմպակայանի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը 
մերժելու մասին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի որոշումը 
վիճարկելու հայցից և հետագայում որևէ միջոց չեն ձեռնարկել պոմպակայանի այլ 
անձանց իրավունքի գրանցումները անվավեր ճանաչելու ուղղությամբ` առաջացնելով 
ծանր հետևանքներ:

  Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են 
հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի 
պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ 
մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի 
նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

  Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է 
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական 
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ 
մտած դատավճռով: